Ընդդիմությունը զբաղված է ինքնախաբեությամբ՝ արծարծելով Լեռնային Ղարաբաղ վերադարձի թեման, այս կարծիքին է հրապարակախոս, ազատամարտիկ Վարդան Մալխասյանը։ «Քաղաքականության մեջ ոսկե կանոն կա՝ ռեալիզմը հաղթում է ռոմանտիզմին։ Ռոմանտիզմը ձախողված է քաղաքականության մեջ, դու պետք է քո առջև դնես իրատեսական, լուծելի, մանրակրկիտ հաշվարկելով խնդիրներ, ոչ թե՝ հասնիք Սասուն, մտնիք Վան, Մուշ, Ալաշկերտ, Արդահան, Ստամբուլն էլ սարքենք արյան ծով։ Իրենք խոսում են սկզբի քայլերի մասին, բայց հաջորդ քայլերի մասին չգիտեն»։
Ազատամարտիկը հարցադրում արեց՝ մեր ժողովուրդը խաղաղությո՞ւն է ուզում, թե՞ պատերազմ։ «Պատերազմը լա՞վ բան է։ Եթե պատերազմ ես ուզում, ուրեմն ուժերդ ու հնարավորություններդ հաշվարկիր։ Հաշվարկը ցույց է տալիս, որ մենք այսօր չունենք այդ ուժը՝ վերականգնելու, ինչպես ասում են, պատմական արդարությունը։ Հիմա խաղաղություն է պետք այս ժողովրդին, ոտքի կանգնել, ամրանալ, մեր վերքերը բուժել։ Հիմա թվաքանակի դարաշրջան չի, տանկերով չեն կռվում, հիմա նանոտեխնոլոգիաների դարաշրջան է։ Հրեաները 10 միլիոն էլ չկան, բայց ամբողջ աշխարհին թելադրում են։ Դու նախ հզորացրու քո տեխնոլոգիական հնարավորությունները, հետո նոր խոսիր գրավելու, հետ բերելու մասին»։
Խոսելով
օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված-նախաստորագրված փաստաթղթերի մասին մեր զրուցակիցը
նկատեց՝ մասնավորապես ԱՄՆ-ի հետ գործակցությունը օդ ու ջրի պես պետք էր մեր երկրին։ «Եթե ԱՄՆ-ն ՀՀ-ի թիկունքին կանգնած չլիներ՝ հիմա
արդեն պատերազմը սկսել էին։ Այո, մեր ամենամեծ երաշխավորը դարձավ ԱՄՆ-ն՝ Թրամփի գլխավորությամբ։
Ինչ վերաբերում է ճանապարհների ապաշրջափակմանը․ հո մենք լուսնից չե՞նք եկել, ամբողջ աշխարհում, բոլոր երկրներում
էլ տրանզիտ ճանապարհներ կան, քանի՜ ճանապարհ է անցնում Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի,
ՌԴ-ի միջով։ Եթե տվյալ պետության միջով ճանապարհներ է անցնում, էդ պետությունն ուժեղանում
է, քանի որ որտեղ ճանապարհ, այնտեղ առևտուր, տնտեսական զարգացում, կենսամակարդակի բարձրացում»,-նկատեց
ազատամարտիկը։
Վաշինգտոնյան գործընթացը քննադատող ընդդիմության նպատակը, Մալխասյանի դիտարկմամբ,
մեկն է՝ որքան վատ ՀՀ-ի համար, այնքան լավ։ Եվ որպեսզի համոզիչ լինեն իրենց վատատեսության
մեջ, ամեն ինչ սև գույներով են մատուցում և խուճապ տարածելու համար ապոկալիպտիկ, սարսափազդու հայտարարություններ անում։
Խոսելով ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանի կողմից ներկայացված քաղաքական
հայտին՝ ազատամարտիկը նշեց՝ «ինքն իր միլիարդները վաստակել է ՌԴ-ում, իսկ ռուսները
հենց այնպես չեն թողնում, որ օտար ազգի մարդիկ իրենց հողի վրա միլիարդներ վաստակեն։
Խադարկովսկի կար, հիշու՞մ եք ինչ օրը գցեց Պուտինը։ Այդ միլիարդատերերը ռուսաճորտ են,
ռուսահպատակ են։ Համոզված եմ՝ Տաշիր Սամոն միլիարդներ կտար, մենակ թե իրեն չուղարկեին
այստեղ, ինքը գիտի, որ գալիս է խայտառակվելու, ձախողվելու, կորցնելու ամեն ինչը։ Բայց
ինքն իր մտքի, կամքի տերը չի, իրեն ուղղորդում են։ Էդ կարգի մարդկանց՝ Սամվել Կարապետյանին,
այսպես կոչված Ռուսաստանի Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին ժամանակին շատ
տիպիկ բնութագրել է հանճարեղ Ռաֆայել Պատկանյանը՝
սրանց համեմատելով մոլախոտի հետ։ Պատկանյանն ասում է՝ «արմյաշկաները» անպիտան հայեր են, մի՞թե կարելի է մոլախոտի հետ
կռիվ տալ։ Սրանք ռուսական էթնոսի տականքն են, որ համառորեն ձգտում են ռուս դառնալ,
բայց ռուսները չեն թողնում։ Հիմա ռուսական էթնոսի «տականքը», որը երկար ժամանակ բացակայել
է, եկել է էստեղ ու որոշում է, թե մենք ինչ անենք՝ հանդես գալով եկեղեցու պաշտպանության
դիրքերից»։
Վարդան Մալխասյանի հետ զրույցում քննարկել ենք նաև Հայ առաքելական եկեղեցու «Ավգյան
ախոռները» մաքրելու, Գարեգին Բ-ի հեռացման և այլ թեմաներից։ Առավել մանրամասն՝ տեսանյութում։
Հեղինե Մանուկյան