Տավուշի թեմը տարիներ շարունակ համայնքային հողը վարձակալությամբ է տվել․ «Գաթա»-ի հիմնադիրը ահազանգում է՝ թեմը փորձում է խլել բիզնեսը

Գործարար Վարդա Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

 

2018-ից Գաթան Հաղարծնում սպասարկել է միլիոնավոր հյուրերի, որոնցից շատերի կողմից անվանվել է ամենահամեղն ու ամենահայտնին Հայաստանում: Մենք այն անվանում ենք ուղղակի  ամենաբազմազանը: Գաթայի վարպետաց դաս են անցել ու գաթա թխել սովորել հազարավոր հյուրեր: Ունեցել ենք հարյուրավոր նկարահանումներ, շատ հայտնի ու ազդեցիկ հյուրեր: Գաթան այս տարիների ընթացքում զարգացում է ապրել. գաթայի տարբեր միջուկները դարձել են տարածված երևույթ ոչ միայն հանրային սննդի ասպարեզում, այլ նաև տեղական տնային տնտեսություններում:

 

2018-ից մինչ օրս Հաղարծին գյուղից տասնյակ գյուղացիներ ունեն կայուն, արժանապատիվ ու սիրելի աշխատանք: 2018-ից մինչև 2020 Գաթան բարեգործական ծրագրից վերածվեց ստաբիլ, հետո նաև եկամտաբեր բիզնեսի, բարեկարգեց ու կառուցապատեց տարածքը, թարմացրեց սարքավորումները, նույնիսկ կլորիկ նվիրատվություն աշխատեց Տավուշի թեմի համար: 2021-ից կնքվեց Տավուշի թեմի հետ համաձայնագիր տարածքի վարձակալության, ըստ որի`  մինչև 2025-ը մեր կազմակերպությունը Տավուշի թեմին վճարել է տարեկան 6 մլն. վարձավճար, ինչը դադարեցրել ենք քահանայի առաջացրած խոչընդոտների պատճառով: Իր բացման օրվանից մինչ օրս Գաթան արդեն խոշոր հարկատու է և վճարել է պետ բյուջե տասնյակ միլիոնավոր հարկեր: Գաթայի շնորհիվ ավելի ակտիվ ու երկար են դարձել Հաղարծին վանք այցելությունները: Վարձավճարից բացի պարբերաբար ներդրումներ ենք կատարել տարածքի բարեկարգման ու զարգացման համար: Ունենք ավել ներդրումներ կատարելու ցանկություն և պլան: Մի խոսքով Հաղարծնի Գաթան հանդիսանում է իդեալական օրինակ` մասնավոր-եկեղեցի-պետություն համագործակցության: Այն բարին է, ինչը պետք է խրախուսվի և օրինակ ծառայի մյուս վանական համալիրների համար: 

 

Սակայն անցած տարվանից տեղի քահանան, ով թեթև աշխարհիկ բարքերի տեր մարդ է, և ցավոք դարձել է նաև Տավուշի թեմը ներկայացնողներից մեկը, ցանկանում է մեզ վռնդել վանքի տարածքից` առանց կաշկանդվելու հայտնելով, որ ինքն է ուզում կրկին գաթա վաճառել տեղում: Տվյալ քահանան մեզնից առաջ մի քանի փայտերով ու տանիքով «Գաթայատան» տարածքում մի երիտասարդի օգնությամբ վաճառում էր անհայտ ծագման, լավագույն դեպքում` մի քանի օր հնության կաթնահունց, և հին կարմիր պլաստմասե էլեկտրական սրճեփով եփված սուրճ, որը մատուցվում էր կեղտոտ, հնացած, հաճախ անպոչ, տարբեր ու անպետք բաժակներով: Այս պայմաններում ինչ վաճառք էլ որ եղել է, ոչ մի լումա չի գնացել Տավուշի թեմին, նաև «բիզնեսը» ոչ մի զարգացում չի ապրել: Սա էր պատճառը, որ 2018-ին տարածքն առաջարկվեց մեզ, քանզի այդ ժամանակ Տավուշի Սրբազանը վստահ էր, որ մեր ձեռքերում տարածքը իրեն համապատասխան պոտենցիալով կզարգանա, ինչն այդպես էլ եղավ:

 

Բայց տեղի քահանան երբեք չգնահատեց մեր արած գործը, փաստորեն լուռ նախանձով հետևեց գաթայի զարգացող բիզնեսին` պարբերաբար և անվճար, ու առանց շնորհակալություն հայտնելու մինչև անցած տարի վայելելով մեր կարմրաթուշ գաթաները (մենք հյուրասիրում էինք նրան` որպես եկեղեցու ներկայացուցիչ, ու նրա հյուրերին մեծ սրտով` ինչը միշտ էլ հատուկ է մեզ): Սրբազանի` Տավուշը լքելուց հետո, երբ նա ստացավ որևէ կշիռ ու որոշելու հնարավորություն, անմիջապես լծվեց տարածքներն իրենով անելու  ու կրկին ճահճացնելու գործին: Պահանջեց հեռանալ ոչ միայն մեզ, այլ նաև Մեղրատանն ու Վանատանը: Սա է պատճառը, որ արդեն ճանաչում գտած ու շատ լավ ծրագրեր ու միջոցառումներ իրականացնող Վանատունն այս տարի այլևս չի աշխատում: 

 

Իհարկե մենք հրաժարվում ենք լքել Գաթայի տարածքը, քանի որ այն հոգևոր, հանրային և կարևոր զբոսաշրջային տարածք է, և չենք կարող հանդուրժել դրա հանձնումը կասկածելի մասնավոր շահագործման: Նաև արդարացի չէ այս ամենը մեր գործը սիրող և գնահատողների հանդեպ, մեր արդար աշխատանքի ու վաստակի հանդեպ: Մեր մարդկային պարտքն ենք համարում պայքարել հանուն բարի և ճիշտ գործի ու բարքերի, հանուն լույսի ու զարգացման պայքարում ենք խավարամտության ու հետամնացության դեմ: Այս ամիսների ընթացքում եկեղեցու բակում ենթարկվեցինք թալանի 2 անգամ, ամիսներ առաջ անջատվեց մեր էլեկտրոէներգիան, անվերջ հրահրոցներ եղան անիմաստ վեճերի ու քաշքշուքի, ինչին երբեք չտրվեցինք ու շարունակեցինք լուռ աշխատել ու պարտաճանաչ սպասարկել մեր հյուրերին:

 

Գրեցինք Վեհափառին, ինչից առանձնապես օգուտ չեղավ. Վեհափառը թելադրություն ուղարկեց հենց տվյալ քահանային, իսկ Տավուշի թեմին դիմելուց երբեք ամբողջ խորհրդից պատասխան չստացանք, փոխարենը բոլոր պատասխանները ստորագրվում էին այս մի քահանայի անունից միայն: Առաջարկեցինք ավելի բարձր վարձավճար տարածքի համար, առաջարկեցինք ավելի շատ բարեկարգումներ անել եկեղեցու տարածքում, բայց մեր բոլոր առաջարկները մերժվեցին: Քահանան ուղղակի անձնական մեծ ցանկություն ուներ մեզ վռնդելու ու տեր լինելու մեր ստեղծած գործին:

 

Ամեն ինչ փորձեց, հնարավոր և անհնարին միջոցներով փորձեց խաթարել մեր գործունեությունը, վատնել մեր համբերությունը, բայց մենք երբեք նրա մակարդակին չիջանք, նույնիսկ անհարմար զգացինք հանրայնացնել իր անպարկեշտ վարքը, կասկածելի ու անօրինական գործողությունները, քանի որ եկեղեցի էր ներկայացնում:

 

Մի անգամ մի անցյալում մնացած իրավաբան էր եկել մեզ վախացնելու, ով մեզ իբր ստիպում էր ինչ որ թղթեր ստորագրել: Տարածքի հետ կապված հենց այս թղթերն էլ մեզ օգնեցին բացահայտել, որ տվյալ այգին, որտեղ Գաթան ու Մեղրատունն են կառուցվել, ամենևին էլ գրանցված չէ Հաղարծին վանական համալիրի տարածքում: Այս փաստը մեզ օգնեց, որպեսզի կադաստրից ձեռք բերենք համապատասխան ապացույց, որ սա պետությանը պատկանող տարածք է, որի շնորհիվ ոստիկանությունը մեզ դուրս չհանեց տարածքից` չնայած քահանան բողոքում ու պահանջում էր: Տեսավ չի կարողանում վռնդել, բողոքեց համայնքապետարան, թե` ապօրինի կառույցներ են Եկեղեցու տարածքում, եկեք քանդեք: Մեր համայնքն էլ այս ամիսների ընթացքում ոչ մի կերպ ոչ լրջորեն անդրադառնում է գործին, ոչ էլ բացահայտում` թե ում տարածքն է սա. ուղղակի ասում են` չգիտենք, չկա ոչ մի քարտեզում գրանցած, ու վեջ: Հիմա այս քանդելու բողոքին էլ կարծես ոչ դրական են արձագանքել, ոչ բացասական. ասում են` կմտածենք կասենք հետո: Սակայն քահանան ոգևորված է ու վստահ, որ վաղն առավոտյան Գաթայի ու Մեղրատան տարածքներն ապամոնտաժվելու են: Մենք իհարկե չենք պատկերացնում ով և ինչպես է դա անելու, սակայն առավոտյան կլինենք տարածքում և կխոսենք մի շարք լրատվականների հետ:

 

Մեր առաջնային նպատակն է` պահպանել Հաղարծնի Գաթայի տարածքն ու մեր գործունեությունը, ինչը դարձել է Հաղարծին եկեղեցական համալիրի ու Տավուշի զբոսաշրջության անբաժան մասը: Մեզ դուր է գալիս մեր կառուցողական և օգտակար համագործակցությունը եկեղեցու հետ, մտածում ենք, որ սա մասնավորի ներգրավման լավագույն օրինակ է նաև այլ եկեղեցիների համար` հաշվի առնելով մյուս վանքերի մոտ առկա հիմնականում անկազմակերպ, անօրինական ու անճաշակ առևտրի խնդիրը: Հետևաբար ունենք մեծ ցանկություն շարունակելու մեր համագործակցությունը եկեղեցու հետ, եթե զսպվի տեղական ագահությունն ու խնդրահարույց փոքրոգությունը: Մենք չենք ցանկանում օրինական վարձակալությունից բացի այլ իրավունքներ ձեռք բերել տվյալ հողատարածքի նկատմամբ, մի քանի ամիս է, իսկ հիմա արդեն շատ շտապ որոնում ենք այս տարածքի օրինական տիրոջը, որպեսզի կնքենք վարձակալության պայմանագիր:

 

Ընկերներիս խնդրում եմ նշել մարդկանց, պետ մարմինների, լրատվականների, ովքեր կարող են օգտակար լինել այս հարցը լուծելու գործընթացում 🙏

 

Ունենք երկար նամակագրություն, շատ փաստաթղթեր, որոնք կարող ենք ներկայացնել կառուցողական նպատակներով հետաքրքրվածներին:

 

Գիտեմ, այսպես ամենաարագը կլուծվեր այս հարցը, ինչի մասին ամիսներ շարունակ լռում եմ, բայց չէի ուզում այս մի ագահ քահանայի պատմությունը ավելորդ միավոր ավելացներ եկեղեցու, նաև Բագրատ Սրբազանի հեղինակազրկման պրոցեսին:

 

Հ.Գ. Հաղարծնի Գաթան Բագրատ սրբազանի հովանավորչության հետ կապելն ուղղակի անարդար կլինի մեր կազմակերպության, իմ և թիմիս ժրաջան աշխատանքի ու վաստակի նկատմամբ: Հաղարծնի Գաթան ստեղծվել է Սրբազանի օրհնությամբ 2018-ին, սակայն Գաթայի և Տավուշի Թեմի կապը միշտ եղել է գործնական ու բարիդրացիական: Սրբազանի հետ կապված իմ մարդկային պատմությունը կպատմեմ հաջորդիվ:


Շնորհակալ եմ, որ կարդացիք, շնորհակալ եմ, որ օգնելու եք, ու որ ուժեղ եմ զգում ձեզանով։