ԼՂ վերադարձ հնարավոր չէ․ մեր քաղաքական մտքի դեֆեկտներից է երազանքների ետևից վազելով ունեցածը կորցնել

Հայաստանը պետք է հասունանա ու հասկանա, որ մենք այն աշխարհում չենք, որ մեր մանկական երազանքները կարողանանք հետապնդել ու կարող ենք երկիրը իսկապես տանել դեպի կործանման։ Պետք է հասկանալ, որ իսկապես աշխարհը շատ ցինիկ միջավայր է՝ հատկապես այն աշխարհը, որ 2014 թվականից մենք գտնվում ենք, ու պետք է ուրիշների շահերը հասկանանք ադեկվատ ձևով և փորձենք տեղավորվել այդ շահերի միջև։

 

Այս մասին Civic.am-ի եթերում ասաց քաղաքագետ, պատմաբան Սամվել Մելիքսեթյանը։

 

«Եթե մենք մտնում ենք մեր հարևանների հետ հակամարտության մեջ պետք է իմանանք, որ իրենց մոտիվացիան այդ հակամարտության մեջ մեզ վնաս հասցնել միշտ ավելի մեծ է լինելու, քան արտաքին ցանկացած այլ ուժի մոտիվացիան՝ մեզ օգնելու։ Այսինքն՝ առաջին խնդիրը մեր երկու հարևանների՝ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ քաղաքական լեզու գտնելն է։ Սա հեշտ խնդիր չէ, շատ բարդ և երկարատև խնդիր է, բայց սա Հայաստանի գոյատևության գլխավոր երաշխիքն է», - ասաց Մելիքսեթյանը։

 

Ունի՞ արդյոք Հայաստանը հնարավորություն երաշխավորել և ապահովել  արցախցիների վերադարձը։ Մելիքսեթյանի վստահությամբ՝ չունի։ «Հայկական քաղաքական մտքի հիմնական թերություններից և դեֆեկտներից մեկը իրականության դաժան պատկերը չընդունելն ու ֆանտոմների ետևից վազելով ունեցածը կորցնելն է», - ասաց քաղաքագետը։

 

Անդրադառնալով սահմանազատմանը՝ վերջինս նկատեց, որ կան հատվածներ, որ հայկական դիրքերն են ադրբեջանական սահմանների մեջ և կան տարածքներ, որ ադրբեջանական դիրքերն են առաջ՝ հատկապես Տավուշի հատվածում։ Սահմանազատման ժամանակ կողմերը պետք է ետ գնան ու վերադառնան պետական սահմաններին։

 

Մանրամասն՝ տեսանյութում

Վոլոդյա Հակոբյան