Օգոստոսի 24-ից սեպտեմբերի 7-ը Իտալիայի Ֆանո քաղաքում անցկացվում է 52-րդ «Միջազգային բազմաձայն երաժշտության փառատոնը» («Incontro Internazionale Polifonico Città di Fano»), որն ամեն տարի համախմբում է տարբեր երկրների բարձրակարգ երգչախմբեր ու երաժշտական կոլեկտիվներ։ Այս մասին տեղեկացրել է Իտալիայում Հայաստանի դեսպանությունը:

Սեպտեմբերի 3-4-ին փառատոնի շրջանակում իր բացառիկ համերգային ծրագրով հանդես է եկել Հայաստանի պետական կամերային երգչախումբը (Coro da Camera Nazionale Armeno), մաեստրո Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ։ Երգչախումբը ներկայացրել է Կոմիտասի ստեղծագործությունները և հայ հոգևոր երաժշտության գանձերը։

«Հայկական երաժշտության հնչյունները, որոնցում համադրված էին դարերի ավանդույթն ու հոգևոր խորքը, տպավորիչ արձագանք գտան հանդիսատեսի և մասնակիցների շրջանում։
Իտալիայում ՀՀ դեսպանությունը սերտորեն համագործակցեց փառատոնի կազմակերպիչների հետ և մասնակցեց ներկայացված մշակութային միջոցառումներին՝ ընդգծելով հայ երաժշտության համաշխարհային արժեքը և Հայաստանի ներկայությունը միջազգային հարթակներում։ Երգչախմբին ողջունեց և շնորհակալություն խոսքեր հղեց նաև դեսպան Վ․ Կարապետյանի տիկին Լ․ Նազարյանը՝ բարձր գնահատելով նրանց արվեստն ու փառատոնին բերված հայաստանյան գույները»,- ասված է հրապարակված տեղեկատվության մեջ։