Կլինի «նոր ուժի» լիդերը Սամվել Կարապետյանը, նրա աները կամ քավորը՝ հետևից երևալու են Քոչարյանի, Սարգսյանի մեծ ականջները

Առաջարկում եմ չանհանգստանալ խորհրդարանական ընդդիմության օրակարգի համար, չլացել վերջինիս դարդը, քանի որ ընդդիմությունն այս ողջ ընթացքում չի փոխել իր վարքագիծը։  Եթե ընդդիմադիր խմբակցություններն իրենց դեմքը փրկելու կամ իմիջի հետ կապված խնդիր տեսնեին, ապա վաղուց պետք է լքած լինեին քաղաքականությունը։  Նման տեսակետ հայտնեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ պատասխանելով Civic.am-ի հարցին՝ օգոստոսի 8-ի վաշինգտոնյան  համաձայնություններից հետո ի՞նչ օրակարգով է ընդդիմությունը աշխատելու մեկնարկած ԱԺ նստաշրջանում։

 

«Մենք պետք է կենտրոնանանք մեր ասելիքների վրա, ժողովրդի հետ մեր խոսակցության վրա՝ հետվաշինգտոնյան համատեքստում։ Բավականաչափ աշխատանք ունենք այդ ուղղությամբ անելու»,-նշեց պատգամավորը՝ հավելելով՝ «վստահաբար, շատ լավ, պարարտ միջավայր է ձևավորվել, որպեսզի վերջնականապես դուրս շպրտենք ընդդիմությանը ԱԺ-ից՝ բնականաբար ժողովրդի ձեռքերով»,-նշեց պատգամավորը։ Խոսելով ռուսաստանցի  գործարար Սամվել Կարապետյանի՝ քաղաքականություն մտնելու հավակնությունների և նրա կողմից ձևավորվելիք քաղաքական ուժի մասին, որը, ըստ օրերս հրապարակված սոցհարցումների տվյալների՝ մոտ 13,4 տոկոս վստահություն է վայելում, Աղաջանյանը նկատեց․ «Այդ՝ դեռևս չձևավորված ուժի ներկայացուցիչների կողմից այս ընթացքում այնքան տարակուսելի հայտարարություններ են արվել, որոնցից, թերևս, ամենահիմնարարը սա է՝ իրենց համարու՞մ են քաղաքական ուժ, թե՞ ոչ, քանի որ մի կողմից հայտարարում են քաղաքական բևեռ ձևավորելու մասին, մյուս կողմից օր ու գիշեր թմբկահարույմ են, որ իրենք քաղաքական չեն։ Սա տարօրինակ դիսոնանս է առաջացնում։ Ինչ վերաբերվում է «նոր ուժի» անվան տակ հանդես եկող  դերակատարներին․ սրանից մեր ժողովուրդը նույնպես հոգնել է, կլինի դրա լիդերի անունը Սամվել Կարապետյան, կլինի այդ լիդերը նրա որդին կամ եղբորորդին, քավորը կամ աները, ամբողջ գործընթացի հետևում մշտապես երևացել է, երևում է ու շարունակելու է երևալ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի մե՜ծ  ականջները։ Կարծում եմ, որ ժողովուրդը բավարար իմաստնություն ունի այս ամենը տեսնելու և սթափ գնահատելու, վերջիվերջո նրանք գալիք խորհրդարանական ընտրություններին իսկապես պատմության աղբանոցը նետելու, փակելու այս ամոթալի քաղաքական սերնդի էջը՝ սրանով իսկ տարածք ձևավորելով նոր քաղաքական ուժերի ձևավորման  համար։ Խորապես համոզված եմ, որ լավ, որակյալ, իսկապես ժողովրդի անունից խոսող ընդդիմությունը ոչ միայն պետության շահերից է բխում, այլ նաև հենց մեր՝ իշխանության շահերից։ Սրանով մեր որակը ևս բարձրանում է»։

 

Էդուարդ Աղաջանյանի հետ զրուցել ենք նաև Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի՝ Սամվել Կարապետյանի ձևավորելիք ուժի վերաբերյալ հայտարարության, ԼՂ թեման ընդդիմության կողմից շահարկելու, ՀՀԿ փոխնախախագահ Արմեն Աշոտյանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված՝ ԼՂ-ի էջը փակված համարելու հարցով հանրահավաք անելու առաջարկի և այլ հարցերի վերաբերյալ։

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Հեղինե Մանուկյան