Սամվել Կարապետյանի ասած «մեր ձևով»-ը «հայավարին» չէ, «հայավարին» այ հիմա է

Առայժմ բովանդակային քննարկումներ են ընթանում, սակայն որոշ ժամանակ անց, ենթադրում եմ, կրկին կորդեգրի իր նախկին վարքագիծը՝ տորպեդահարել քաղաքական ցանկացած ձեռքբերում և առաջ տանել իր օրակարգը՝ Civic.am-ի հետ զրույցում, ամփոփելով խորհրդարանական ընդդիմության՝ ԱԺ աշնանային նստաշրջանի երկու օրերի աշխատանքը հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը։ Նկատենք, որ ԱԺ ՊՈՒ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր հայտարարել է, թե վարչապետին անվստահություն հայտնելու իրենց մտադրությունը շարունակում է ակտուալ լինել, պարզապես «Հայաստան» խմբակցությունն այս պահին չի միանում դրան։  ՊՈՒ-ականը  նաև հավելել է՝ անվստահության  գործընթացը պետք է համակցվի փողոցային պայքարով։

 

Ի պատասխան ընդդիմադիր իր գործընկերոջ հայտարարության՝  Խաչատրյանը նշեց՝ այնքան ծանրաբեռնված է ՀՀ-ի համար կենսական նշանակության խնդիրների՝  անվտանգություն,  տնտեսություն,  խաղաղության գործընթաց, լուծմամբ,  որ չի հասցրել  տեղեկանալ, որ  ընդդիմությունը նման օրակարգ է մտադիր նորից առաջ քաշել։ «Իմպիչմենտի օրակարգը նորից մեջտեղ բերելը,  այո, վկայում է ընդդիմության օրակարգի սնանկության մասին։ Լավ, հիմա ինչո՞վ զբաղվեն, ի՞նչ անեն։ Խաղաղության գործընթացն ամրապնդված է և առաջ է գնում, հեռանկարում ՀՀ-ի զարգացումն է, ժողովրդավարական արժեքների առավել ամրապնդումը, այդ հեռանկարը դրված է շատ ամուր ռելսերի վրա, Ադրբեջանն էլ չի կրակում, տարածաշրջանային լուրջ խնդիրներ չկան մեզ հետ կապված։ Հետևաբար պետք է ինչ-որ բան մտածեն ու նորից հանգեն իմպիչմենտին»,-հեգնեց Խաչատրյանը։

 

Խոսելով ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանի՝ քաղաքական կուսակցություն ստեղծելու և 2026-ի  ընտրությունների միջոցով կառավարող «փոքրիկ խմբակին» հեռացնելու մտադրության մասին մեր զրուցակիցը նկատեց․ «Այո, նման մարդկանց համար ժողովրդի ձայնը, ժողովրդի ցանկությունը ոչինչ է։ Իսկ այն իշխանությունը, որը ձևավորվել է ժողովրդի կամքով, ցանկությամբ, ի՞նչ ժողովուրդ իրենց համար։ Իրենք սա լուրջ չեն ընդունում, իրենք լուրջ են ընդունում այն, որ վարագույրների հետևում նստում են մի քանի հարուստ դեմքեր ու վճռում են՝ ով պետք է պատգամավոր լինի, ով՝ վարչապետ, ով պետք է ապրի, ով չապրի․․․Այդ մարդը էդ քաղաքակրթության, մշակույթի ներկայացուցիչ է։ Հիմա մենք իրենից ի՞նչ սպասենք։  Ինքն ասում է՝ «մեր ձևով», այն է՝ մի քանի հոգով նստում-որոշում են»։ Դիտարկմանը՝ «մեր ձևով» ասելով նկատի ունեն «հայավարի» ձևը՝  պատգամավորը հակադարձեց․ «Դա ընդհանրապես հայավարին չի։ «Հայավարի»-ն այ հիմա է, երբ ժողովուրդն է որոշում՝ ով պետք է լինի պատգամավոր, ով՝ վարչապետ։ «Հայավարին» այն է, որ պատգամավորը  լինի ժողովրդի ծառան, ինչպես այսօր, որ ժողովրդի լեզուն երկար լինի, պաշտոնյայինը՝ կարճ։ Ու այս ամենին հասել է ժողովուրդն իր խոհեմության շնորհիվ։ Իսկ Սամվել Կարապետյանն ու նրա «խմբակը» ուրիշ մշակույթի ներկայացուցիչ են, նրանք ուրիշ երկրում են ապրել, ուրիշ բարքերի են սովոր, որ՝ «ձևը տենց չի»։ «Իրենց ձևն» այն է, որ տաս, առնես, որոշես, ինչ ժողովուրդ, ինչ բան։  Ժողովուրդն իր ընտրությունը կանի՝ «իրենց ձևովի» և ժողովրդի ձևովի միջև»։ Ըստ Խաչատրյանի՝ Սամվել Կարապետյանն ու իր թիմը գնալու են ցանկացած քայլի, ներդնելու են ահռելի ֆինանսական միջոցներ՝ ընտրություններում որոշակի հաջողության հասնելու համար։ «Խոսքը ահռելի մեծ թվերի մասին է, գուցե որոշեն, որ մինչև 1 միլիարդ դոլար պետք է ծախսեն։ Այդ սցենարներն այլ երկրներում կիրառել են և տեղ-տեղ արդյունքի են հասել՝ մարդկանց կաշառելով մեծ թվերով։ Մեր իրավապահ համաարգը նման՝ կաշառելու փորձեր եթե լինեն, համոզված եմ, պատշաճ արձագանքելու է և դեռևս նախապատրաստական փուլում բացահայտելու է»,-շեշտեց կառավարող ուժի ներկայացուցիչը։

 

Արմեն Խաչատրյանի հետ խոսել ենք նաև ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրած քննիչ հանձնաժողովի զեկույցի բովանդակության և այլ հարակից թեմաների մասին։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Հեղինե Մանուկյան