ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում սեպտեմբերի 9-ին տեղի ունեցավ ՀՀ առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի վերանորոգված և ժամանակակից բուժսարքավորումներով վերազինված ստորաբաժանման բացումը:
«Արմավիր» ՔԿՀ-ի բուժմասի վերանորոգման ու տեխնիկական համալրման շնորհիվ այսուհետ տեղում գործում է նաև ստացիոնար բաժանմունքը՝ թերապևտիկ ուղղվածությամբ: Հիվանդանոցը ներկայում ունի 95 մահճակալ:
«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանի խոսքով՝ ստացիոնար բուժման կարիք ունեցող բուժառուները արդեն հնարավորություն ունեն համապատասխան բուժսպասարկում ստանալ տեղում:

«Ստորաբաժանումը հագեցած է նորագույն բժշկական սարքավորումներով, ունի լաբորատորիա և համապատասխան մասնագետներ: Ամբուլատոր կարգով կիրականացվեն թե՛ վիրաբուժական օգնություն, թե՛ հոգեբուժական, թե՛ այլ նեղ մասնագիտական բնույթի ծառայություններ»,- մանրամասնեց Մանուկյանը՝ նշելով, որ «Արմավիր» ՔԿՀ-ում նախկինում բուժմաս գործել է, սակայն սարքավորումների բացակայության պատճառով տեղում հետազոտություններ իրականացնելու հնարավորություն չի եղել:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ քրեակատարողական հիմնարկների բուժծառայությունները գերատեսչության ենթակայության ներքո անցնելուց հետո կարևոր հանձնառությունն էր հասնելու նրան, որ հնարավոր բոլոր ծառայությունները պատշաճ որակով մատուցվեն տեղում:
«Այսօր մենք ականատես ենք, որ այստեղ ներառվել են ինչպես լաբորատոր ծառայություններ, այնպես էլ՝ ռենտգեն, սոնոգրաֆիկ հետազոտություններ, այսինքն՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի բուժծառայությունը, կարելի է ասել, արդեն համալրված է անհրաժեշտ բուժսպասարկում ապահովելու համար: Մենք հավելյալ շարունակելու ենք այս ծառայության զարգացումը և մեր նպատակն է, որ մյուս քրեակատարողական հիմնարկները նույնպես ունենան նման պատշաճ պայմաններ»,- ասաց Ավանեսյանը՝ գոհունակությամբ նշելով, որ բժշկական անձնակազմի աշխատանքային պայմանների բարելավումն ու նոր սարքավորումներով հագեցվածությունը բերում է նաև լավ մասնագետների ներգրավմանը:

Ըստ գերատեսչության ղեկավարի՝ բարեփոխման առանցքում ՔԿՀ-ներում բուժծառայության որակի պատշաճության ապահովումն է՝ համահունչ մյուս քաղաքացիների ստացած ծառայություններին, ինչպես նաև՝ հնարավորինս խուսափելն անհարկի լոգիստիկ խնդիրներից:
Ավանեսյանը հավելեց, որ ծրագրի ֆինանսավորումն ամբողջությամբ իրականացրել է ՀՀ կառավարությունը՝ Առողջապահության նախարարության հայտի հիման վրա:
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գնահատմամբ՝ «Արմավիր» ՔԿՀ-ի վերանորոգված ու տեխնիկապես հագեցած բուժմասի բացումը մեծ առաջանցիկ քայլ է անազատության մեջ գտնվող անձանց պատշաճ բժշկական սպասարկման ապահովման տեսանկյունից:
«Այս քայլով, կարելի է ասել, մեկնարկում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի փակման գործընթացը: Բազմաթիվ են այն դիտարկումները, որոնք կան այդ հիմնարկի հետ կապված՝ առ այն, որ այնտեղ կան վատթար պայմաններ, որոնք թե պատժի կրման, թե բուժսպասարկման առումով չեն համապատասխանում միջազգային ստանդարտներին և չեն ապահովում մարդու իրավունքների պաշտպանությունը»,- ընդգծեց Գալյանը:
Նախարարի դիտարկմամբ՝ «Արմավիր» ՔԿՀ-ն ներկայում ունի լիովին նոր, տեխնիկապես հագեցած բաժանմունք, որն ունակ է որակյալ իրականացնել անազատության մեջ գտնվող անձանց բուժսպասարկումը:
Բացման արարողությանը ներկա էին նաև ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, պաշտոնատար այլ անձինք, ովքեր շրջել են նորաբաց բուժմասում և ծանոթացել ստեղծված պայմաններին: