Ունենք ֆեյք կաթողիկոս և քաղաքական ապտակ ստացած, ոչնչացված ընդդիմություն

Ընդդիմությունը քաղաքական ուժեղ ապտակ է ստացել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գործընթացից հետո և այլևս քաղաքականապես ոչնչացվել է, ասելիք, վարկանիշ չունի՝ չհաշված «մի քանի մանեթնոց» հարցումների տվյալները։ Այս մասին Сivic.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ ընդդիմությունն այս ողջ ընթացքում մանիպուլյատիվ  թեզեր էր առաջ բերում, թե՝ խաղաղություն իրականում չի լինելու, ոչ մի փաստաթուղթ էլ Ալիևը չի ստորագրելու։ 


«Վաշինգտոնյան համաձայնագրերից հետո ես մտածում էի, որ ընդդիմությունը կգա խորհրդարան և այլևս չի խոսի ընդդեմ իշխանությունների, քանի որ իրենց գեներացրած միֆը արդեն պայթել էր։ Առաջին մեկ-երկու օրը չէին խոսում, բայց երեկ ԱԺ -Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ սկսեցին նորից դիմել մանիպուլյացիաների, կառչել բառերից։ Վարչապետն էլ ի պատասխան շեշտեց՝ ինչ էլ անեք, միևնույն է, ձեռք բերված համաձայնագրերը հղում են անում 5 հիմնական նախապայմանների՝ ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, սահմանների անխախտելիություն, իրավազորություն, փոխադարձություն»։ Այս նախապայմանները, ըստ պատգամավորի,  ՀՀ անկախության ամրապնդման մասին են վկայում, իսկ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը ոչ թե հետաձգված պատերազմի, այլ պատերազմ չլինելու մասին է։


Որպես Գեղարքունիքի մարզից ընտրված պատգամավոր՝ ի՞նչ տպավորություն է ստացել մարզի բնակիչների հետ շփումներից, ժողովուրդը կո՞ղմ է  խաղաղության գործընթացին, թե՞ ռևանշ է ուզում՝ հարցրինք Գրիգորյանին։ Ի պատասխան՝ Գրիգորյանը նշեց՝ այս ընթացքում այցելել է տարբեր համայնքներ, ամեն համայնքից 10 պատահական քաղաքացու է հանդիպել ու զրուցել խաղաղության թեմայով։  «Մոտ 100 քաղաքացիների հետ զրույցն ամփոփելով ասեմ՝ նրանցից 80-ն ասել է, որ սա՝ (խաղաղության համաձայնագիրը-խմբ) մեր միակ փրկությունն է, մի մասն ասել է, որ չենք հավատում, որ կլինի խաղաղություն, մյուս մասն էլ, թե՝ մեր աչքով պետք է տեսնենք, մասնավորապես  «Խաղաղության խաչմերուկ»-ի իրագործումը, որ նոր հավատանք։ Սա նշանակում է,  որ ինձ հանդիպածների գերակշիռ մասն աջակցում է խաղաղության գործընթացին։ Ընդդիմությունն ինչո՞ւ է այսօր խնդիրների բախվել, քանի որ պարզվեց, որ ինչ ասել է, առնվազն ճիշտ չէ ասել»։ 

 

Անդրադառնալով ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանի կողմից ձևավորվելիք կուսակցությանն ու դրա վերաբերյալ օրերս հրապարակված  սոցհարցման տվյալներին՝ մեր զրուցակիցը նկատեց՝ ՀՀ քաղաքացին ունի այնքան իմաստնություն ու քաղաքական հասունություն, որ չքվեարկի «յոթ երկրի քաղաքացուն», «որը  վստահ չի եղել, որ կարող է մինչև վերջ ապրել ՀՀ-ում և այլ երկրի անձնագիր է հանել»։


ՔՊ-ական պատգամավորին հարցրինք նաև մամուլի այն հրապարակման մասին, ըստ որի՝ եկեղեցում  գործել է ֆեյքերեցների գունդ, որը սոցիալական մեդիայում զբաղվել է հակաիշխանական քարոզչությամբ։ «Մենք ունենք ֆեյք կաթողիկոս, որը չի համապատասխանում [իր կարգավիճակին], սակայն շարունակում է լինել կաթողիկոս»,-նկատեց պատգամավորը։ Բնական է, որ այդ դեպքում, ըստ նրա,  կարող են ֆեյքային գործունեությամբ զբաղվել նաև եկեղեցականները։ ««Հոգևորական» հասկացության և իրենց միջև կա անհաղթահարելի անջրպետ, իրենք նման ֆեյք կայքերը հո չե՞ն ստեղծել, որ մարդկանց բերեն դեպի եկեղեցի, ստեղծել են, որ  քաղաքական հարց լուծեն, բայց իրենց մուրազն իրենց փորն է մնալու և չեն կարողանալու դա իրագործել»։


Նարեկ Գրիգորյանի հետ մեր զրույցի մանրամասները՝ տեսանյութում։     

Հեղինե Մանուկյան