Վաշինգտոնյան գործընթացը, մասնավորապես խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը ժողովրդին բերել է ներքին խաղաղություն, իսկ ընդդիմությունն ամեն ինչ անում է տորպեդահարելու դրանց իրագործումը, այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն՝ ամփոփելով խորհրդարանական ընդդիմության՝ վերջին մեկ շաբաթվա աշխատաոճը։ «Ժողովուրդն առնվազն համոզում ունի, որ աշխարհի թիվ մեկ հզոր երկիրն իր վկայությունն է տվել, որ խաղաղության պայմանագիրը պետք է գործի։ Ավելին՝ հավերժ պիտի գործի։ Այսինքն, հավերժական խաղաղության մասին է խոսքը։ Այսպիսով էլ ավարտվում է ընդդիմության գործառույթը։ Իրենք նոր օրակարգ չեն կարողանում բերել, որովհետև երբ ժողովուրդը բավարարված է ընթացող գործընթացներով, ընդդիմությունը մնում է լուսանցքում։ Հետևաբար իրենք փորձում են ժողովրդի մոտ ստեղծել տպավորություն, թե սա չի աշխատելու, անարժեք փաստաթուղթ է և այլն։
Պատկերացրեք, ընդդիմությունն
ասի՝ լավ փաստաթուղթ եք բանակցել, ամեն ինչ լավ է։ Այդ դեպքում ընտրությունների ժամանակ
ժողովուրդը հարց է տալու՝ ձեզ, ընդդիմությանը, ինչո՞ւ պետք է ձայն տանք, եթե իշխանությունը
բերել է այդ ամենը։ Մեր ձայնը այդ դեպքում պետք է տանք իրենց։ 2026 թվականի ընտրություններին նախապատրաստվելու
համար ընդդիմությունը պետք է ընդդիմանա, չէ՞, ընդդիմանալու համար շատ մեծ հնարավորություններ
չկան։ Մնացել է այս փաստաթուղթը, որ բռնեն, քրքրեն այնքան, մինչև փաստաթուղթը կդառնա
վերջնական ստորագրված և գործի։ Իրենք հույս ունեն, որ փաստաթղթի ստորագրումը կուշանա,
իրենք մինչև ընտրություններ կթունավորեն ժողովրդի միտքը։ Իսկ մեր ժողովուրդը հավաքական
իմաստով իրատես է, գիտի, որ աշխարհաքաղաքական այս իրավիճակում երազանքներին տրվելը
կարող է նոր կորուստների առիթ հանդիսանալ։ Հետևաբար, իրատես լինելով, ժողովուրդն ասում
է՝ եղածը պահենք, հզորացնենք մեր տնտեսությունը, բանակը, ընդհանուր սոցիալական վիճակը
բարելավենք և այլն»։
Վայոց ձորից ընտրված պատգամավոր
որպես Սերգեյ Բագրատյանը նշեց, որ իր համերկրացիների շրջանում խաղաղության փաստաթղթի
նախաստորագրումը ողջունվել է։ «Վայոցձորցիների բացարձակ մեծամասնությունը ուրախանում է, սպասում է, որ դրա իրագործումն արագ
տեղի ունենա, որպեսզի հոգեպես ավելի հանգիստ
իրենց կյանքն ապրեն ու աշխատեն։ Այսինքն, առօրյա աշխատանքի մեջ ժողովուրդը մի բան է
երազում՝ խաղաղություն, անվտանգություն լինի, հավասարություն, արդարություն երկրում,
որ իր զավակները, թոռները խաղաղ ապրեն, ինչպես մեզնից ցանկացածն է երազում։ Ես ամեն
շաբաթ, կիրակի Վայոց ձորում եմ, վաղն էլ եմ գնալու։ Ժողովրդի հետ ինտենսիվ աշխատանք
ենք տանում և այս պահին ժողովուրդը, իմ տպավորությամբ, բավարարված է մեր պատասխաններով»։
Խոսելով TRIPP-ի գործարկման դեպքում ՀՀ-ի տնտեսական օգուտների մասին՝ տնտեսագիտության
թեկնածու պատգամավորը կիսվեց նախնական հաշվարկներով։ «Մեզ եզակի հնարավորություն
ընձեռվեց մեր շահը համադրել ԱՄՆ շահի հետ։ Սա եզակի հնարավորություն է, որովհետև հզոր
երկրները միշտ իրենց շահերը ամենաբարձրն են դասում և քչերը կան, որ խղճի մտոք են առաջնորդվում։
Օրինակ, Ֆրանսիայի պես, թե՝ մենք աշխարհի խիղճն
ենք և մեզ կարող ենք թույլ տալ պաշտպանել ՀՀ-ին»,-նշեց մեր զրուցակցին ու գավելեց՝
ըստ նախնական տնտեսական հաշվարկների՝ «Թրամփի ուղու» գործարկման դեպքում տարեկան
100 միլիարդ դոլարի ապրանքաշրջանառություն է տեղի ունենալու, որոնց արդյունքում ձևավորվելու
են հարկեր, տուրքեր, մաքսեր և դրանցից մուտքեր ենք ունենալու թե մենք՝ ՀՀ-ն, թե ԱՄՆ-ն։
Խոսելով ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանի կողմից
ձևավորվելիք քաղաքական ուժի մասին, որը «մեր ձևով»՝ «հայավարի», պետք է հեռացնի գործող
իշխանությանն ու նույն՝ «մեր ձևով» էլ իրականացնի երկրի կառավարումը, Բագրատյանը նկատեց․
«Զուտ քաղաքական իմաստով ինձ համար հասկանալի չէ «մեր ձևով»-ը։ Եթե նշանաբանային է
ձևը, ձևովը, նշանակում է՝ բովանդակություն չկա։ «Հայավարին» և «ձևը» քաղաքական կատեգորիաներ
չեն»։
Սերգեյ Բագրատյանի հետ
խոսել ենք նաև Լևոն Տեր-Պետրոսյանի՝ իր ձևակերպմամբ՝ «Զանգեզուրյան տրանսպորտային հանգույց»-ի
վերաբերյալ դիտարկումների և այլ հարցերի շուրջ։
Զրույցի ուշագրավ մանրամասները՝
տեսանյութում։
Հեղինե Մանուկյան