Գյուրջիևի միջազգային գիտաժողովը կեզրափակվի Գյումրիում. Սև Բերդում համերգով ներկայանա «Գյուրջիև» անսամբլը

Սեպտեմբերի 17-20-ը Հայաստանում կայանալիք Գյուրջիևի միջազգային գիտաժողովը կեզրափակվի համերգով, որը տեղի կունենա Գյումրու Սև Բերդում` «Գյուրջիև» անսամբլի մասնակցությամբ։


Այս մասին հայտնել է Շիրակի մարզպետի աշխատակազմը:


Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը նախօրեին հյուրընկալել է կազմակերպիչներին` «Գյուրջիև» անսամբլի գեղարվեստական ղեկավար Լևոն Էսկենյանին, Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի Նարեկացու անվան հայագիտության ամբիոնի վարիչ դոկտոր, պրոֆեսոր Պիտեր Քաուին և նրա տիկնոջը։


Հանդիպման ժամանակ քննարկվել են Գեորգի Գյուրջիևին նվիրված միջոցառումների կազմակերպմանն առնչվող հարցեր։


«Գեորգի Գյուրջիևը 20-րդ դարի մեծագույն մտածողներից էր, որի գաղափարները խորապես ազդել են հանրաճանաչ մտավորականների գործունեության վրա։ Վստահ եմ` ձեր կազմակերպած գիտաժողովը և Գյուրջիևյան օրերը Հայաստանում կնպաստեն նրա ժառանգության նորովի ընկալմանը, իսկ Գյումրին՝ որպես նրա ծննդավայր, միջազգային հետաքրքրության տիրույթում կլինի։ Շիրակի մարզպետի աշխատակազմը պատրաստ է հնարավորությունների սահմաններում աջակցել ձեզ և անել հնարավորը Գյումրիում կայանալիք միջոցառումները անմոռանալի ու մասշտաբային դարձնելու հարցում»։


Գիտաժողովի եզրափակիչ օրը`սեպտեմբերի 20-ը, նվիրված է Գյումրուն․ մասնակիցները կայցելեն Գյուրջիևի հայրական տունը և հոր գերեզմանը, Սև Բերդում կկայանա դասախոսություն, իսկ ժամը 17.00-ին համերգ`«Գյուրջիև» անսամբլի մասնակցությամբ։ Համերգի մուտքն ազատ է։


«Գյուրջիևի օրերը Հայաստանում» խորագրով միջազգային գիտաժողովը Երևանում և Գյումրիում կազմակերպվել է Կալիֆորնիայի համալսարանի Նարեկացու անվան հայագիտության ամբիոնի կողմից։ Գիտաժողովի համահիմնակիցներն են Երևանի պետական համալսարանի Հայագիտական ուսումնասիրությունների ինստիտուտը և Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Հայագիտական ինստիտուտը՝ Լոս Անջելեսի «Ջորջ Իգնատիուս» հիմնադրամի աջակցությամբ։ Գիտաժողովին կմասնակցեն գիտնականներ ու արվեստագետներ աշխարհի ավելի քան տասը երկրներից։