ԿԸՀ-ում գրանցված «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունը 140 հոգանոց դիտորդների կազմով հետևում է է Երևանի ՏԻՄ ընտրություններին։ Դիտորդական խմբի անունից քիչ առաջ հանդես եկավ Դանիել Իոաննիսյանը և նշեց, որ արդեն իսկ արձանագրվել են ընտրական գործընթացին վերաբերող մի շարք խնդիրներ։ Մասնավորապես՝ 4 ընտրական տեղամասում ընտրական պրոցեսը սկսվել է 20 րոպե ուշացումով, 2/21 ընտրական տեղամասում՝ ավելի քան 1 ժամ ուշացումով՝ հանձնաժողովի նախագահի բացակայությամբ պայմանավորված։ Մի շարք ընտրական տեղամասեր անմատչելի՝ անհարմար տեղերում են, 4-ը ընդհուպ նկուղային հարկերում են։
«Ըստ էության արձանագրվել է թվով 48 խախտում, որոնցից 4-ը՝ հանձնաժողովի նախագահի, 21-ը՝ վստահված անձանց, 21-ը՝ ընտրողների, մնացածը՝ անհայտ անձանց կողմից»,- նշեց Իոաննիսյանը։ 7 ընտրատեղամասերում, ըստ բանախոսի, իրենց դիտորդներն արձանագրել են ուղղորդում, որոնցից 4-ը պարբերաբար կրկնվել է ՔՊ-ի ներկայացուցիչների կողմից, մյուս դեպքերը, որոնք այդքան էլ կրկնվող բնույթ չեն կրել, եղել են «Ապրելու երկիր», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների ներկայացուցիչների կողմից։
«18 ընտրական տեղամասերում նկատվել են կուտակումներ, որոնցից 4-ը կրկնվել և կրել է պարբերական բնույթ։ Աջափնյակի 1 ընտրական տեղամասում «Հանրային ձայն» կուսակցության երեք թեկնածուի մուտք է արձանագրվել տեղամաս, ինչը արգելված է մինչև ժամը 20։00-ն։ 20 ընտրական տեղամասում խախտվել է քվեարկության գաղտնիությունը, որոնց մի մասը պայմանավորված է եղել սխալ կահավորմամբ, 30 դեպք էլ վերաբերում է ընթացակարգային խախտումներին, որոնց ճնշող մեծամասնությունը եղել է ընտրական հանձնաժողովների և դրանց նախագահների կողմից՝ Ընտրական օրենսգրքի կանոնակարգումներին պատշաճ չտիրապետելու պատճառով»,- նշեց բանախոսը։
Իոաննիսյանը հավելեց նաև, որ խնդիրներ կան ԿԸՀ-ի պաշտոնական կայքի հասանելիության հետ կապված, ինչը գուցե որոշ սահմանափակումների կամ ծանրաբեռնվածության հետևանք է՝ կայքի հրապարակումներին հաճախ հնարավոր չի լինում հետևել։ Ինչ վերաբերում է վիդեոդիտարկմանը, ապա ժամը 7։56-ի և 8։00-ի միջակայքում, ըստ Իոաննիսյանի, դրա հնարավորությունները սահմանափակվել են, և այնպես է արվել, որ մեկ IP-ից հնարավոր լինի ընդամենը մեկ տեսախցիկի հետևել։