«Կան ահազանգեր «Հայաքվե» դիտորդական առաքելության անաչառության հետ կապված»: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Անկախ դիտորդ»-ի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը։
Ավելի վաղ նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու անդամի թեկնածու Սուրեն Գրիգորյանն էր գրառում կատարել և նկարներով ցույց տվել, թե ինչպես են «Հայաքվե» դիտորդական առաքելության դիտորդներ Ավետիք Չալաբյանը, Արսեն Բաբայանը, Սվետլանա Աճեմյանը, Ատոմ Մխիթարյանը, Անի Առաքելյանը, Ցոլակ Ակոպյանը, Արմեն Նաջարյանը, Նաիրի Հոխիկյանը, Մենուա Սողոմոնյանը, Կառլեն Հակոբյանը, Հարություն Փախչանյանը, Ռոզեթ Օստակարյանը, Կարեն Արզումանյանը խախտել Ընտրական օրենսգրքի անկողմնակալության պահանջը։
Իոաննիսյանը ասաց, որ չեն հասցրել հետևել այլ դիտորդական առաքելությունների աշխատանքին, սակայն շատ կարևոր է, որ դիտորդական առաքելությունը չխախտի քաղաքական չեզոքությունը։ Իոաննիսյանի խոսքով՝ ֆեյք դիտորդներին իրենք կանդրադառնան հավանաբար վաղը. «Կան միջազգային ընդունված չափորոշիչներ, և այդ չափորոշիչներով կարելի է որոշել՝ այդ դիտորդական առաքելությունը չեզոք է, թե ոչ, բայց դրան մենք կանդրադառնանք հետո, դեռևս չենք հասցրել դա ուսումնասիրել»։
Նշենք, որ Ընտրական օրենսգրքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Դիտորդը, այցելուն իր իրավունքներն իրականացնելիս պարտավոր է լինել անկողմնակալ, չեզոք, հրապարակայնորեն որևէ կանխակալ դիրքորոշում չարտահայտել կամ նախապատվելի վերաբերմունք չդրսևորել իշխանության կամ ընդդիմության, թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների հետ կապված որևէ հարցի նկատմամբ»։
Մանրամասները՝ տեսանյութում։