«Վաղ է խոսել՝ արդյոք պահպանվե՞լ է լուսաբանման հավասարաչափությունը, թե՞ ոչ, վաղ է խոսել՝ արդյոք պահպանվե՞լ են լռության կանոնները։ Այս պահին մշտադիտարկումը շարունակվում է»,- այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ԿԸՀ-ի կազմակերպած ասուլիսի ժամանակ ասաց ՀՌՀ ծրագրերի մոնիթորինգի և վերահսկողության վարչության պետ Լիանա Դոխիկյանը։
«Այս պահի դրությամբ հանձնաժողովի նախաձեռնությամբ ընտրությունների հետ կապված հարուցվել է մեկ վարչական վարույթ՝ «Մո Թիվի Մեդիա Հոլդինգ» ՓԲԸ-ի նկատմամբ՝ դա «Նոր Հայաստան» տեսալսողական ծրագիրն է»,- նշեց Լիանա Դոխիկյանը։
Նրա խոսքով՝ վարույթ հարուցելու պատճառն այն է, որ նախընտրական քարոզչության հաղորդումները պետք է անընդմեջ ուղեկցվեն «նախընտրական քարոզչություն» լուսագրով, մինչդեռ «Նոր Հայաստան»-ը այդ կանոնը չի պահպանել։