Խիստ կասկածում եմ, որ ՀՀ-ի շահերից բխող որևէ գործողություն կիրականացնեն, եթե գան իշխանության և սկսեն Ադրբեջանի հետ բանակցությունները, նման տեսակետ հայտնեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանն՝ արձագանքելով ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի դիտարկմանը, թե՝ իշխանության գալու պարագայում կվերաբանակցեն խաղաղության փաստաթուղթը, քանի որ այն չի հասցեագրում ՀՀ-ի բոլոր շահերը։ «Ես պատկերացնում եմ, թե իրենց թիկունքում գտնվող աշխարհաքաղաքական այլ կենտրոնների ինչպիսի ծառայություններ կմատուցեն և ինչպիսի դրական գործեր կանեն նրանց համար»,-հայտարարեց Բաքոյանը և հատուկ շեշտեց նախորդ ռեժիմի օրոք տեղի ունեցած բանակցությունների փորձը, մասնավորապես այն շրջանի, երբ Օհանյանը ՀՀ պաշտպանության նախարարն էր, իսկ առաջնագիծն էլ կահավորված էր պահածոների դատարկ բանկաներով։
Անդրադառնալով ընդդիմադիր մեկ
այլ խմբակցության՝ ՊՈՒ-ի ղեկավար Հայկ Մամիջանյանի
հայտարարությանը, թե իրենց համար օրակարգային է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նրան
անվստահություն հայտնելու ճանապարհով հեռացնելու հարցը, որի վերաբերյալ ընթացիկ ամսվա
ընթացքում խորհրդարանական լսումներ կիրականացնեն՝ ՔՊ խմբակցության պատգամավորը հեգնեց․ «Փառահեղ է, ընդդիմությունը հասել է նրան, որ պետք է խորհրդարանական
լսումներ անցկացնել, որի արդյունքում պետք է հեռացնել վարչապետին։ Նախորդիվ հայտարարում էին, թե որպես հզոր ընդդիմադիր ուժ
կարող են հեռացնել վարչապետին, հիմա էլ լսումներ են ուզում անել, հետո նոր։ Նման մտադրություն
ունեցող քաղաքական ուժերին պետք է հիշեցնել, որ իշխանության փոփոխության ճանապարհը
որևէ ուժի, որևէ անձի, որևէ թիմի պարզապես ցանկությամբ չէ, որ պետք է լինի։ Ես հասկանում
եմ, որ իրենց կառավարման տարիներին հենց այս սկզբունքով են առաջնորդվել, իսկ այժմ ՀՀ-ում
ստեղծված նոր իրողությունները, այն է՝ իշխանության փոփոխության միակ ճանապարհը ժողովրդի քվեն և ընտրությունն են, անընկալելի են
այս քաղաքական ուժերի համար։ Տարիներ շարունակ իրենք վերարտադրվել են որևէ մեկի, խմբի
կամ խմբակի միջոցով։ Խորհրդարանական լսումներ կազմակերպելը հստակ գնահատական է իրենց
ուժի, իրենց գործողությունների, իրենց հուժկու հանրահավաքների և մնացած աշխատանքների
մասին»։
Անդրադառնալով ռուսաստանցի գործարար
Սամվել Կարապետյանի որդու՝ օրերս հրապարակած ուղերձին ու «փոքրի խմբակին» հեռացնելու
մասին հետհաշվարկին, թե՝ իրենց հաղթանակի համար մնացել է 268 օր՝ մեր զրուցակիցը նկատեց՝
նման մի հետհաշվարկ էլ ժամանակին մեկ այլ սուբյեկտ
էր ազդարարել․ «Մի հոգի էլ կար, որ
հետհաշվարկի մասին էր խոսում և իրեն ներկայացնում որպես հանրապետության միակ տղամարդ։
Պարզվեց, որ այս «փուչիկները» շատ արագ պայթում են և նման մի «փուչիկ» էլ սա է։ Նման
մարդիկ, նորից եմ կրկնում, չեն հասկանում, որ ՀՀ-ում որոշողը իրենք չեն, այլ՝ ժողովուրդը։
Ուշադրություն հրավիրեմ Սամվել Կարապետյանի հայտարարության վրա, թե՝ «թքած ունեմ ՀԷՑ-ի վրա»։ ՀԷՑ-ը ժողովրդինն է և մարդը ժողովրդի
վրա թքած ունի։ Եվ երբ որ խոսում են «խմբակի» մասին, մոռանում են, որ այդ խմբակը, այսինքն,
կառավարող ուժը ընտրվել է ժողովրդի կողմից։ Հարգանքով չվերաբերվել ժողովրդի կողմից
ընտրված քաղաքական ուժին՝ անարգանք է նույն այդ ժողովրդի նկատմամբ։ Եթե հայր և որդի
առնվազն ժողովրդի վրա «թքած ունեն», հետևաբար ժողովուրդը նրանցից որևէ ակնկալիք ունենալ
չի կարող։ Մի հարց հղեմ այս մարդկանց՝ արդյոք իրենք այնտեղ, որտեղ շատ փող են աշխատում,
հնարավարություն ունեն դուրս գալ գործող իշխանության դեմ (ՌԴ-ի-խմբ․)։ Նման փորձերի ականատես եղել ենք և տեսել ենք ինչպիսի ճակատագրի
են արժանանում դրանց հեղինակները»։
Ռուստամ Բաքոյանի հետ զրուցել ենք նաև մամուլի հրապարակման մասին,
ըստ որի նախկին դեսպան Միքայել Մինասյանն ազդեցություն է ունեցել եկեղեցու վրա՝ նպաստելով
որոշ եկեղեցականների այսպես ասած «պաշտոնեական առաջխաղացմանը»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հեղինե Մանուկյան