Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանի խոսքերով՝ եթե 2026 թվականի ընտրությունների արդյունքում Հայաստանում պահպանվի գործող իշխանությունը, ապա վաշինգտոնյան պայմանավորվածությունները կսկսեն կյանքի կոչվել։ Ըստ Ստեփանյանի՝ եթե իշխանության գան այն ուժերը, որոնք տարիներով Թուրքիայի ու Արդբեջանի հետ հարաբերություններ չեն հաստատել, տառապել են ռուսամոլությամբ՝ այդ դեպքում կմնանք այն նույն ճահճում, որում կայինք ղարաբաղյան առաջին պատերազմից հետո․ «Նրանց հնարավորությունները ուղիղ համեմատական են իրենց ձայների հետ՝ արդյոք այդ ձայները թույլ կտան, որ կոալիցիայի միջոցով գան իշխանության․․ դա միակ հնարավորությունն է, ես հուսով եմ, որ Հոկտեմբերի 27-ը այլևս երբեք չի կրկնվի, ահաբեկչության միջոցով իշխանափոխություն չի լինի։ Միակ տարբերակը ընտրություններն են և ես հուսով եմ, որ «Գյումրի երկու» սցենարն իրենց մոտ չի ստացվի։ Իշխանության այս պահի արտաքին օրակարգն այլընտրանք չունի, եթե ռոբասերժական ընդդիմությունը բերի ու առաջարկի այլ օրակարգ՝ հիմնավորումներով, կարող ենք մտածել։ Բայց իրենք միայն ասում են, որ այս իշխանությունը սպառել է իրեն և պետք է հեռացնել, իսկ իրենք ոչինչ չեն առաջարկում»,-Civic.am-ի տաղավարում ասաց նա։
Ստեփանյանի դիտարկմամբ՝ միակ ճանապարհը իշխանության օրակարգն է՝ իր բոլոր ռիսկերով ու վտանգներով,
որոնք չեզոքացնելու ուղղղությամբ պետք է աշխատանքներ տարվեն․ «Մենք 1994 թվականից մեր խաղադրույքը դրել ենք ուժային կոմպոնենտի
վրա, ուժի միջոցով այդ տարածքները պահել ենք ՝ կոչելով Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգության
գոտի։ Միջազգային հանրությունն Իսրայելին թույլ չի տալիս ունենալ անվտանգության գոտի,
իսկ մեզ 1994-ից սկսած թույլ է տվել, մենք այդ ամենը մսխել ենք, չենք գնացել այն ճանապարհով,
որով սկսվել է ղարաբաղյան շարժումը։ Միացումը
չենք արել, Լեռնային Ղարաբաղի անկախությունը չենք ճանաչել, ստատուս-քվոն խախտել ենք
Ռուսաստանի շահերից ելնելով, վարել ենք բանակցություններ, որոնք վերջում հանգեցին փակուղու։Նույն
Ռոբերտ Քոչարյանի օրոք ԱՄՆ-ի կողմից եղել են առաջարկներ, որոնք եթե նա ընդուներ՝ մենք
կունենայինք խաղաղություն, կպահպանեինք Արցախը՝ ոչ ամբողջը, անվտանգության գոտուց պետք
է հրաժարվեինք։ Ոչ մի թիզ գոռգալով եկանք մի հանգրվանի,երբ ուժային բաղադրիչը հօգուտ
Ադրբեջանի էր, որը հստակ քայլերով՝ առնվազն 2003-ից սկսած դրան էր գնում»,-ասաց նա։
Նրա խոսքերով՝ այժմ Վաշինգտոնում մեզ առաջարկում են «տարածաշրջանը
բացելու» միջոցով այս հարցը փակել․ «Մենք կարո՞ղ ենք մեր
ուժերով ձևավորել ԶՈՒ, որ առանց որևէ մեկի օգնությամբ կռվենք Ադրբեջանի ու Թուրքիայի
դեմ, ես այդ ճանապարհը չեմ տեսնում։Մենք հիմա մի արատավոր շրջափուլ ենք մտել, երբ որևէ
քաղաքական ուժ իր վրա պատրաստ չէ Հայաստանի ապագայի համար պատասխանատվություն վերցնել։
Նրանց հայտարարությունները չեն ենթադրում պատասխանատվություն։ Սեյրան Օհանյանն ասում
է ՝ կվերաբանակցենք, ինչպե՞ս, իսկ եթե վերաբանակցեք ավելի վա՞տ ստացվի։ Բոլոր քաղաքական
ուժերը պոպուլիզմով են տառապում, խոսում են բաներ, որի համար վաղը պատասխանատվություն
չեն կրելու։Ես լուրջ չեմ վերաբերում այդ մարդկանց հայտարարություններին, լուրջ եմ վերաբերում
իշխանության հայտարարություններին, որովհետև իրենք իրենց ստորագրածի համար պատասխանատվություն
են կրում»,-եզրափակեց նա։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Մարիամ Գրիգորյան