Ցամաքային գործողություն. Իսրայելական տանկերը մտել են Գազա

Իսրայելի պաշտպանական բանակը (ՑԱԽԱԼ) սեպտեմբերի 15-ի ուշ երեկոյան սկսել է ցամաքային գործողություն՝ Գազա քաղաքը գրավելու համար: Այս մասին հայտնել են The Jerusalem Post-ը և Axios։

 

ՑԱԽԱԼ-ի բարձրաստիճան պաշտոնյան Axios-ին հայտնել է, որ ցամաքային զորքերը մտել են Գազա քաղաք, և առաջիկա օրերին նրանց կմիանան լրացուցիչ ուժեր: Իսրայելական բանակը փորձում է գրավել քաղաքի հյուսիսային մասը, գրում է «Ալ Ջազիրան»: Իսրայելի պաշտպանական բանակը առայժմ պաշտոնապես չի հաստատել տեղեկատվությունը:

 

Գործողությունից առաջ վերջին շաբաթվա ընթացքում ՑԱԽԱԼ-ը ակտիվացրել էր ավիահարվածները Գազա քաղաքի ուղղությամբ և ոչնչացրել տասնյակ բարձրահարկ շենքեր, որոնք, ինչպես պնդում են, ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչները օգտագործում էին ռազմական նպատակներով: Իսրայելի ռազմաօդային ուժերը սեպտեմբերի 15-ի երեկոյան զանգվածային ավիահարվածներ են հասցրել Գազա քաղաքի ուղղությամբ, որից հետո տանկեր են մտել քաղաք:


Ինչպես գրում է Axios-ը՝ իսրայելական գործողությունը սկսվել է մի քանի ժամ անց այն բանից, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Երկու իսրայելցի պաշտոնյաների տվյալներով՝ Ռուբիոն Նեթանյահուին ասել է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը աջակցում է ցամաքային գործողությանը, բայց ցանկանում է, որ այն իրականացվի արագ և ավարտվի հնարավորինս շուտ։