«Արարատը հայ ժողովրդի խորհրդանիշն է, իսկ Արագածը՝ ՀՀ-ի». «Արարատի լացը» լացողները թող գուշակեն մտքի հեղինակին

Արարատաբաղձությամբ տառապող հայ  հանրության որոշ շրջանակներ նորից հայտնվել են փսիխոզի մեջ։ Ռազմահայրենասիրական նրանց ոգուն աննախադեպ հարված է հասցրել Կառավարության այն որոշումը, ըստ որի՝ ս.թ. նոյեմբերի 1-ից ՀՀ մուտքի կամ ելքի սահմանանշանի (կնիքի) վրա այլևս չի լինելու Արարատ լեռան պատկերը։ Գրազ կգանք, որ ՀՀ անձնագիր ունեցողների մի ահռելի հատված միայն բարձրացված վայնասունից (ներողություն բառի համար) հետո իմացավ կնիքի վրա Արարատի առկայության մասին։ Ինչպես և սպասվում էր՝ վերոհիշյալ շրջանակները (բնականաբար նախկին ռեժիմի կարկառունների՝ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարանի հետ աֆիլացված) ՀՀ կառավարության որոշումը շահարկեցին առանձնակի ոգեղենությամբ՝ սրտների ուզածի, խելքների կտրածի չափով և,  իհարկեելնելով իրենց  փչացածության ու կարդացածության մակարդակից։  Այն է՝ Թուրքիայի պարտադրանքով է Փաշինյանը գնացել  «հերթական, նվաստացուցիչ զիջմանը» և շարունակելու է «ուրանալ մեր ազգային ինքնությունը, միայն թե «թուրքերի համար լավ լինի»։ «Անվերջ կարելի է զարմանալ, թե ինչպես պիոներական գերազանցիկությամբ Փաշինյանը պատրաստ է հաճոյանալ Թուրքիային կամ Ադրբեջանին: …Իրենից դա ոչ մեկը չի պահանջել, ենթադրում եմ համենայն դեպս, դա ուղղակի «տեսեք, դա էլ կարող եմ անել» տրամաբանության մեջ գործողություն է»,- նախօրեին ազդարարել է ՊՈՒ խմբակցության ղեկավար, ՀՀԿ-ական Հայկ Մամիջանյանը, որի կուսակցության կառավարման օրոք, հիշեցնենք, Արարատ լեռան պատկերը Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղի ժամանակ «խորհրդավոր հանգամանքներում» անհետացել էր Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկի խորհրդանիշից։ Իրոք, անվերջ կարելի է զարմանալ ընդդիմադիր գործիչների կարճ հիշողության և ցինիզմի վրա, բայցևայնպես ուզում ենք նրանց հորդորել վերջապես վերադառնալ ադեկվատության դաշտ և վերջիվերջո համակերպվել դառը իրականության հետ։ Այն է՝ Արարատը վաղուց չի գտնվում ՀՀ սուվերեն տարածքում, թե երբվանից, որ իշխանության օրոք ու ինչ հանգամանքների բերումով՝ պատմական ահռելի վերլուծության նյութ է։  Իսկ այ Հայաստանի աշխարհագրությունը սովորելու համար բավական կլինեն վերլուծական նվազագույն կարողությունները, որոնք կօգնեն վերջապես ըմբռնելու, որ ՀՀ տարածքում գտնվող, Արարատին իր վեհությամբ ու սեգությամբ չզիջող լեռը Արագածն է։ Ինչ-որ բան հուշում է, որ եթե կնիքի վրա պատկերված լիներ ՀՀ ամենաբարձր լեռը, և այն Կառավարության որոշմամբ հանվեր կնիքի վրայից, վերոհիշյալ շրջանակները նման վայնասուն չէին բարձրացնի, լեռան «անհետացումն» էլ կմնար աննկատ, որպես սովորական երևույթ,  ինչպես, ասենք, արևածագը կամ, ասենք, լուսնի հայտնվելը երկնակամարում։


Արդ, դառնանք Արարա՞տ, թե՞ Արագած դիլեմային, որն, ի դեպ, նոր չէ և մեկ անգամ չէ, որ գեներացվել է քաղաքական համատեքստում։ Նկատենք՝ մասնավորապես  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ։  Փաշինյանն է, որ ամիսներ առաջ ազդարարեց՝ Արարատի «պաշտամունքը»՝ պահանջատիրական համատեքստում, կարող է մեզ գցել պետություն ունենալու և այն կորցնելու պատմական ցիկլի մեջ։ Փաշինյանն է, որ մերժելով  «պահանջատիրական ժանրը»՝ առակի լեզվով ցուցանեց՝ եկեք սիրենք, փառաբանենք, դողանք ու գուրգուրենք այն, ինչը մեզ է պատկանում, մեր հոգևոր ռեսուրսն ու ջանքերը անհասանելի, երազային, միֆական ակնկալիքների վրա վատնելու փոխարեն՝ եկեք կռիվ տանք մեր ունեցածի և ունեցածն ունենալու երաշխիքներն ամրապնդելու ուղղությամբ։    

 

Արագածի շուրջ  շուրջպարը՝ Արարատի ուրացո՞ւմ 


 Ի դեպ, Արարատի և Արագածի մասին ժամանակին ուշագրավ դիտարկում  (թերևս իր կյանքի միակ ադեկվատ դիտարկումը) է արել լեռան՝ կնիքի վրայից անհետանալու լացը լացողների  քաղաքական պատրոնը՝ Ռոբերտ Քոչարյանը։ «Արարատը հայ ժողովրդի խորհրդանիշն է, իսկ Արագածը՝ Հայաստանի Հանրապետության»,- ԵՊՀ ուսանողների հետ հանդիպման ժամանակ ազդարարել էր ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած Քոչարյանը՝ արձագանքելով ուսանողներից մեկի հարցին՝ մասնակցելո՞ւ է շուրջպարին։ Նա ազդարարել էր, թե չի մասնակցելու դրան, (թեև մասնակցեց) բայց կողմ է միասնականություն խորհրդանշող այդ միջոցառման կազմակերպմանը, և եթե այն կայանա, ապա կխմի դրա մասնակիցների կենացը։ Արձանագրենք՝ Արագածի, որպես ՀՀ սուվերեն տարածքում գտնվող լեռան նշանավորման, այսպես ասած՝ սիմվոլիզացիայի առաջին մասշտաբային (պետական ինստիտուտների ներգրավմամբ և Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձով ու աղոթքով ուղեկցված) միջոցառումը տեղի է ունեցել 20 տարի առաջ, հենց Քոչարյանի նախագահության օրոք։ Միջոցառման կազմակերպումը, հիշեցնենք, հղացել էին նախկին դատախազ Աղվան Հովսեփյանն ու «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը։ 


 Մեծամասշտաբ այդ միջոցառման ուղերձը, հաշվի առնելով դրա իրականացման ժամանակաշրջանը՝ 2005 թվական, այլ էր՝ ի նշանավորումն Առաջին հանրապետության անկախության օրվա, Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերի, մայիսյան հաղթանակների։ Մյուս կողմից էլ՝ սա իր բովանդակության մեջ ՀՀ սուվերեն տարածքում գտնվող լեռան գերակայության արձանագրումն էր օտար պետության  տարածքում գտնվող լեռան՝ Արարատի նկատմամբ։ Հարց է ծագում՝ ինչո՞ւ, արդ, նման մի մասշտաբային միջոցառում՝ շուրջպար, ուխտագնացություն կամ  մարաթոն չկազմակերպվեց Արարատ լեռան շուրջը կամ դեպի Արարատ լեռ, եթե հենց այդ լեռն է խորհրդանշում հայի ինքնությունն ու պատմական արդարությունը, ի՞նչ է՝ Քոչարյանի օրոք  «էրգրի» կարոտը «կոնդիցիայի» չէ՞ր հասել, թե՞ նրա օրոք չէին  խրախուսվում արարատյան թեմատիկայով հոգեխանգարմունքի զանգվածային դրսևորումները, քանի որ դրանից ներքաղաքական «քյար» չկար։   


Հատկանշական է, որ հիշյալ շուրջպարի կազմկոմիտեն միջոցառման ավարտից հետո տարածած իր հայտարարության մեջ մասնավորապես նշել էր, թե հայրենակցական միությունը «խորապես գիտակցում էր, որ հայ նոր հասարակությունը պետք է ձևավորի ապրելու և ստեղծագործելու նոր մշակույթ՝ նոր ավանդույթներ, հոգևոր նոր արժեքներ, որոնք կդառնան համայն հայության միասնության, ինքնահաստատման հիմքը։ Ասել կուզի՝ Արարատն էլի սիրենք, Արարատով էլի տոչորվենք, բանաստեղծենք, երգենք, գովենք, գովաբանենք, բայց  ժամանակն է Արագածին էլ բանատեղ դնել, հենց այդ լեռան շուրջ «միասնության շուրջպար բռնենք, լինենք ընկեր, լինենք եղբայր, բարեկամ, Արագածի լանջերին ծով ծովանանք, դառնանք բարի, դառնանք զորեղ, ուժ դառնանք»։


Ադեկվատության՝ 20-ամյա վաղեմությամբ «մաստեր կլասս»։

 

Հ.Գ. Հպանցիկ ներկայացնենք Կառավարության պաշտոնական պարզաբանումը առ այն, թե ինչու է փոփոխվել խնդրո առարկա կնիքը։ Ըստ այդմ՝ Կառա­վա­րու­­թյան որոշման նա­խագծի ընդունման անհրաժեշտու­թյունը պայ­մա­նավորված է որոշման մեջ առկա «մի շարք ներքին հակասությունների, խմբագրական թերությունների վերացման և ՀՀ պետական սահմանը հատող անձանց անձնագրերում կամ դրանց փոխարինող փաստաթղթերում սահմանապահ զորքերի պաշտոնատար անձանց կողմից կատարվող նշումներում տեխնիկական բնույթի փոփոխություններ կատարելու անհրաժեշտությամբ։ ․․․Պետական սահմանի անցման կետերում պետական սահմանը հատելու վերաբերյալ սահմանապահ զորքերի պաշտոնատար անձանց կողմից պետական սահմանը հատող անձանց անձնագրերում կամ դրանց փոխարինող փաստաթղթերում կատարվում են համապատասխան նշումներ։ Տվյալ նշումների կեղծման ռիսկերի նվազեցման, դրանց ճանաչելիության, հստակ տեսանելիության և ընթեռնելիության, միջազգային չափանիշներին համապատասխանության ապահովման, ինչպես նաև սահմանային վերահսկողության արդյունավետության բարձրացման նպատակով առաջարկվում է վերանայել դրանց ձևերը։ Բացի այդ, առաջարկվում է փոփոխել ամսաթիվ-կնիքների չափերը՝ անձնագրի համապատասխան էջերն առավել օպտիմալ օգտագործելու նպատակով»։


Փաստորեն, տեխնիկական բնույթի փոփոխությունները, որոնք միտված են համակարգի լավարկմանն ու ավելի ապահով դարձնելուն, արարատաբաղձությամբ տառապողների մտածող օրգանն ընկալում է որպես  «ուրացում», «թրքահաճություն»Մեր խորին ցավակցությունները մտածող օրգանի տերերին։


Հեղինե Մանուկյան