«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փոխնախագահ, պատգամավոր Վահագն
Ալեքսանյանը, Civic.am-ի տաղավարում խոսելով «Ցանկապատ» ներկայացմանը ՀՀ վարչապետի մասնակցության, ինչպես նաև դերասան Մկրտիչ Արզումանյանին
ուղղված մեղադրանքների մասին, ասաց՝ գործում է շնագայլերի ոհմակի նման մի կազմակերպություն, որը թիրախավորում է ցանկացած մեկին, ով գործակալական ցանցի կողմից ներդրված
նարատիվներից տարբերվող տեսակետ ունի. «Այն սկզբունքով, որ
բոլորին թիրախավորեն, որ մարդը, քաղաքացին, ով ինչ-որ բան է մտածում, իր կարծիքն արտահայտելուց
վախենա, ճնշված զգա այն արտահայտելու հարցում»։
Ալեքսանյանն անդրադարձավ նաև ռուսաստանցի օլիգարխ
Սամվել Կարապետյանի որդու՝ անհայտ պատշգամբից արված ուղերձին: «Կներեք, մանկական հոգեբանությանը լավ չեմ տիրապետում, խորհուրդ
կտամ համապատասխան թերապևտ գտնել, զբաղվել, գուցե հաջողվի ինչ-որ արդյունքի հասնել,
բայց վստահ չեմ»,- հայտարարեց պատգամավորը։
Դիտարկմանը, թե ըստ որոշ հարցումների՝
Կարապետյանի գլխավորած նոր ուժը երկրորդ հորիզոնականում է, մեր զրուցակիցն ասաց. «Հայաստաում կա քաղաքական լուզերության հստակ քայլերի հաջորդականություն։
Թիվ մեկ բանը, որ պետք է անես՝ «Գելափին» պատվիրես հարցում, որում դու պետք է ունենաս ակնհայտ ուռճացված
արդյունք։ Շնորհավորում եմ տղաներին, նրանք առաջին քայլը պատվով կատարել են, հավակնում
են խլել Ռոբերտ Քոչարյանից երկրի թիվ մեկ քաղաքական լուզերի դափնիները։ Արդյոք Քոչարյանը
լավ կտանի՞, որ այդ կոչումն իրենից խլեն՝ թող իրենք իրար մեջ քննարկեն»։
Մեր հարցին՝ հնարավո՞ր է Գյումրու
սցենարը փորձեն կրկնել 2026 թվականի ընտրությունների ժամանակ, պատգամավորն ասաց. «Ակնհայտ է, որ Գյումրիում տեղի ունեցածը ինքնին փակել է այդ
սցենարի կրկնության հնարավորությունը։ Իրենք իհարկե մտածում են, որ կարելի է նման միջոցով
ինչ-որ բան անել, բայց ակնհայտ է, որ իրենք շարքային ստախոսներ են»։
Նկատեցինք, որ հսկայական ռեսուրսների տիրապետող գործիչը մարդկանց
աշխատատեղեր է առաջարկում, նաև որոշակի բիզնես-նախագծեր ներկայացնում, Ալեքսանյանն
ասաց. «Այնքան վիրավորական է մարդկանց հանդեպ, ա՛յ ընկեր, 15 տարի է՝ Կրկեսի շենքը պետք է վերականգնեիր, վերջին հինգ
տարում ՀՀ-ում քանի՞ շենք է կառուցվել, 15 տարի այդ շենքը չեք կարողանում կառուցել։
Եկել եք՝ գործարանից եք խոսում, բիզնես մոդելի կառավարումից եք խոսում՝ դուք այդ ամեն
ինչը ի ցույց դնելու հնարավորություն ունեցել եք նախ ՀԷՑ-ում, եթե այս հարցազրույցը
սրանից վեց ամիս առաջ լիներ, լույսերը գնալու էին, և պռավալ էր լինելու։ 15 տարի հետո մարդիկ վերջնականացնում են
Կրկեսի շենքի վերանորոգումը, բարով վերանորոգեք, ձեր ելույթներն էլ այնտեղ հեռարձակեք,
ավելի օրգանիկ կնայվի»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Մարիամ Գրիգորյան