«Պատիվ ունեմ»-ը, ինչպես հայտնի է, որոշել է նորից՝ արդեն որերորդ անգամ մտնել նույն ցամաք գետն ու նորից օրակարգ է բերել վարչապետին անվստահություն հայտնելու թեման՝ այս անգամ դիմելով մատուցման ունիկալ ձևի՝ խորհրդարանական լսումներ հրավիրելուն։
Փաստորեն, ընդդիմությունն այնքան խեղճ
ու անաջակից վիճակում է, որ ակնկալում է լսումների մասնակիցների կարծիքը լսել՝ ըստ
այդմ կողմնորոշվելու։ Ակնհայտ է, չէ՞, որ լսումներին հրավիրվելու է այն շրջանակը, որը
«չորս ձեռքով» և «ութ ոտքով» կողմ է Նիկոլ Փաշինյանի հեռացմանը, ընդ որում՝ամեն գնով,
թեկուզ՝ տեռորիզմի։
Մեր ուշադրությունը գրավեց ՊՈՒ հայտարարության
տեքստում ներկայացված մի քանի դրույթ։ Մասնավորապես «ազգային միասնության անցումային կառավարության ձևավորում», որի «գերակայությունները» պետք է լինեն, ուշադրություն՝ «կազմակերպել ազատ, արդար և մրցակցային խորհրդարանական ընտրություններ»։
Միայն այս նախադասությունը բավական
է, որպեսզի իմպիչմենտի, լսում-մսումների գաղափարը
«խեղդվի օրորոցում», քանի որ երբ Սերժ Սարգսյանի կուրացիայի ներքո գործող քաղաքական
ուժն է ճամարտակում «ազատ, արդար» ընտրությունների մասին, միանգամից աչքերիդ առաջ պատկերանում
է նույն ինքը՝ Սերժ Սարգսյանն իր թևավոր դարձած խոսքով. «Իմ շանսը՝ 100-ից 90 խփեմ, 80, 70, թե 60: Էդ ա, ինչքան ուզես, էնքան խփենք»: Երկրիս նախագահը նման կերպ՝ սրտի ուզած թիվը «խփելով»
է կազմակերպել իր օրոք տեղի ունեցած ընտրությունները՝ ուզուրպացնելով իշխանությունը։
Եվ այս մարդու թելադրանքով խորհրդարանում իր անպտուղ աշխատանքի օրերը «լմնցնող» խմբակցությունը,
փաստորեն, հավակնում է վարչապետ հեռացնել, իշխանություն վերցնել, ընտրություն կազմակերպել՝
դրանից բխող հետևանքներով, ավելի ճիշտ՝ արհավիրքներով։ Մեծ է գայթակղությունն ասելու՝
«իշտահներիդ քացախ»։
Ե. Ա.