Հանրապետականները դուրս են եկել սեփական հետքի վրա

Հայաստանի հանրապետական կուսակցությունը հայտարարություն է տարածել։ Վերնագրել են՝ «Ազգային ճգնաժամի, կառավարման ձախողման հիմքերով ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու մասին» ՀՀ Ազգային ժողովի հայտարարություն։


Նկատենք, որ այս թեման նոր չէ։ Ամիսներ շարունակ ընդդիմությունը իբր օրակարգ է բերել իմպիչմենտը, բայց համաձայնության չէին գալիս թեկնածուի, ժամանակի, նպատակահարմարության և այլնի շուրջ։ Հիմա հայտարարության տեքստ են բերել՝ իբր օրակարգ են թելադրում։ Սակայն անգամ իրենց մեջ չեն կարողանում գործընթացը սկսելու համար բավարար քվեներ ապահովել, ուր մնաց՝ գործընթացը հասցնեն տրամաբանական հանգրվանի։ Իսկ դրա համար իրենց պետք է գալու նաև «Քաղաքացիական պայմանագրից» շուրջ 20 պատգամավորի քվե։ Հայտարարության մեջ կետ առ կետ անդրադառնում, նկարագրում են գործող կառավարության սխալները՝ ըստ Հանրապետականի։ Չանդրադառնալով ամբողջին՝ այնուամենայնիվ առանձնացնենք մի քանիսը, որոնցում հանրապետականները «դուրս են եկել իրենց հետքի վրա»։


Մինչ այդ մի քանի նկատառում ևս. անդրադառնում են Ադրբեջանի հետ բանակցություններին, հիշեցնում «զրոյական կետը» ու նշում, թե այդ պատճառով բանակցությունները ձախողվել են, տասնամյակների բանակցային գործընթացի ձեռքբերումները ոչնչացվել, ՀՀ իշխանությունների արկածախնդրության հետևանքով սանձազերծվել է պատերազմ։


Հանրապետականները մոռանում են իրենց առաջնորդի հայտարարությունը ԱԺ ամբիոնից 2018 թվականի ապրիլին արված, որում վերջինս նշում էր, որ բանակցությունները լավատեսություն չեն ներշնչում, ավելի կոնկրետ՝ դրանք կանգնած են, Ադրբեջանը անիրատեսական, մեզ համար անընդունելի ակնկալիքներ ունի։


Ահա այսքանից հետո ՀՀԿ-ն բանակցությունների ձախողման պատասխանատվությունը փորձում է դնել ՔՊ-ի վրա ու մեղադրում զրոյական կետից սկսելու մեջ։ Իսկ ո՞ր կետից պետք է սկսվեին կանգնած, լավատեսություն չներշնչող բանակցությունները։ Բանակցությունները, ըստ էության, փակուղի մտցրած ուժը պատերազմի սանձազերծման մեղքը Ադրբեջանի վրայից հանելով դնում է հայրենի իշխանության վրա։


Անդրադարձել են նաև արտաքին քաղաքականությանը՝ պնդելով, թե գործող կառավարության վարած արտաքին քաղաքականության հետևանքով Հայաստանի միջազգային հեղինակությունը զգալիորեն վնասվել է, միջազգային ասպարեզում երկրի դիրքերը էապես թուլացել են։


Ռուսաստանի հրահանգով նստող, Ռուսաստանի հրահանգով վեր կացող նախկին իշխանությունը գործող կառավարության հասցեին ասում է, թե երկրի միջազգային հեղինակությունը վնասվել է։ Սա ասում են մարդիկ, որոնց կառավարման տարիներին միջազգային շատ սուբյեկտներ Հայաստանին դիտարկել են ոչ թե որպես ինքնուրույն որոշումներ կայացնող պետության, այլ՝ Ռուսաստանի թելը թելող սպոյլեր միավորի։


Պարզվում է նաև, որ գործող իշխանությունների անհեռատես քաղաքականության հետևանքով վատթարացել են ավանդական ռազմավարական դաշնակիցների և գործընկերների հետ հարաբերությունները՝ առանց բավարար և կենսունակ այլընտրանքային անվտանգության համակարգերի ձևավորման։ «Անկայուն տարածաշրջանում Հայաստանը հայտնվել է խոցելի և մեկուսացված վիճակում»,- նշված է ՀՀԿ հայտարարության տեքստում:


Հիշենք, թե ինչպես վատթարացան Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Հայաստանն անգամ պատերազմից հետո, երբ մեր ռազմավարական դաշնակիցը պատշաճ կերպով չարձագանքեց մեր դեմ ագրեսիային, շարունակում էր մնալ պրոռուսական ու հավատարիմ դաշնակցային կարգավիճակին։ Բայց Ռուսաստանը հետագայում էլ չարձագանքեց արդեն Հայաստանի դեմ ագրեսիաներին։ Ավելին՝ նրանք անգամ չդատապարտեցին ռազմավարական դաշնակցի դեմ հարձակումները, ինչը արել են Հայաստանի հետ ռազմավարական դաշնակից չհանդիսացող բազմաթիվ երկրներ։ Նկատենք, որ առաջին հարձակումը եղավ 2021-ի մայիսին, երբ ուկրաինական արշավը Պուտինը դեռ չէր սկսել ու ի վիճակի էր միջամտել, ուներ այդ ռեսուրսը։ Եվ ահա այսքանից հետո միայն Հայաստանը սկսեց այլ գործընկերներ փնտրել։ Ու անգամ այս պարագայում Հայաստանը որևէ հակառուսական քայլ, Ռուսաստանի դեմ որևէ գործողություն չի արել։ Իսկ ՀՀԿ-ի հայտարարության մեջ կարդում ենք, թե դա Հայաստանն է վատթարացրել հարաբերությունները դաշնակից Ռուսաստանի հետ։


Բայց եկեք գանք ՀՀԿ-ի ինքնախոստովանություններին։


Երրորդ կետով հանրապետականները նահանջ են նկատել ժողովրդավարությունից և մարդու իրավունքների համատարած խախտումներ:


«Կառավարությունը համակարգված կերպով և անթաքույց քանդում է ժողովրդավարական ինստիտուտները Հայաստանում»։

Պատկերացնո՞ւմ եք՝ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտներ են եղել, այս իշխանությունն էլ համատարած քանդում է այն։ Երևի ամենաինստիտուտն էլ եղել է ընտրական ինստիտուտը։


Հանրապետականներն ասում են նաև, որ իշխանությունները սահմանափակել են նաև խոսքի, հավաքների և մամուլի ազատությունները։ Որպեսզի նկատվի ասվածի աբսուրդայնությունը, բավարար է բացել և անկախ միջազգային ընկերությունների, կառույցների զեկույցները կարդալ ու տեսնել, թե Հայաստանը քանի տասնյակ կետերով է առաջադիմել ու բարելավել դիրքերը այս ոլորտներում։

Պարզ է, չէ՞, որ այս կարգի սուտ, այս կարգի աներեսություն ցուցաբերող ուժը մյուս՝ ոչ այնքան բացահայտ իրավիճակներում որքան է ստում, կեղծում։

Եվ ահա հասանք կոռուպցիային, որտեղ հանրապետականը դուրս է եկել իր հետքի վրա։


Պարզվում է՝ «կոռուպցիան ոչ միայն չի վերացվել, այլ նույնիսկ չի էլ նվազել. այն վերաբաշխվել է «հեղափոխական» էլիտայի ներկայացուցիչների միջև»:

Այսինքն՝ հանրապետականը խոստովանում է, որ իր կառավարման տարիներին կոռուպցիա է եղել, որը հիմա ուղղակի վերաբաշխվել է։ Ավելին՝ այն չի նվազել՝ ինչպես կար, այդպես էլ մնում է։ Ասել է թե՝ հանրապետականները խոստովանում են, որ ժամանակին անձամբ իրենք, իրենց դեմքով զբաղվել են հովանավորչությամբ, կաշառակերությամբ, իսկ հիմա ուղղակի վերաբաշխում է տեղի ունեցել։

Հաջորդ տողում գրում են՝ «Հայաստանը առերեսվում է կոռուպցիայի և հովանավորչության նոր որակի՝ կենտրոնացված, անպատիժ և քողարկված համակարգի հետ»։ Հանրապետականները գոնե կարող էին, չէ՞, բացել իրենց ժամանակ ու հիմա հակակոռուպցիոն գործառույթներ իրականացնող մարմինների արխիվներն ու տեսնել իրենց կառավարման ժամանակ ու հիմա արված խուզարկությունների, ձերբակալումների, կալանավորումների, նախաձեռնված քրեական վարույթների, վճիռների ծավալները, թվերը ու համեմատել դրանք 2018-ից հետո եղած ցուցանիշների հետ։ Այսօր, օրինակ, հակակոռուպցիոն կոմիտեն օրական հաղորդումներ է տալիս այս կամ այն կառույցում իրականացված խուզարկությունների, նախաձեռնված քրեական վարույթների մասին։

Տեքստից տպավորություն է, թե ՀՀԿ-ն ինքնախոստովանել է, կեսից հասկացել ու փոխում է խոսքը։



Գանք իմպիչմենտին։ Ակնհայտ է, որ անգամ ընդդիմության ներսում չկա կոնսոլիդացիա։ Ու ակնհայտ է, որ Հանրապետականը կրկին զբաղվում է ինքնախաբեությամբ կամ գուցե ժողովրդին խաբելով, ավելի ճիշտ՝ խաբելու փորձով։ Իմպիչմենտի ռեսուրս ընդդիմությունը չունի ու չի կարող ունենալ։

 

Վոլոդյա Հակոբյան