Արշակյանը Սու Հույի հետ քննարկել է «Ինժեներական քաղաք» և «Ակադեմիական քաղաք» նախագծերում համագործակցության հնարավորությունը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է Չինաստանի ժողովրդական քաղաքական խորհրդակցական համաժողովի 14-րդ ազգային կոմիտեի փոխնախագահ Սու Հույի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից։



 

Հանդիպմանը ներկա են եղել նաև բարեկամական խմբի անդամներ, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, պատգամավորներ Ալեքսեյ Սանդիկովը և Գեղամ Նազարյանը:



 

ՀՀ ԱԺ փոխնախագահը ողջունել է բարձրաստիճան հյուրերին և կարևորել հայ-չինական ջերմ ու բարեկամական հարաբերությունների խորացման հեռանկարները, ընդգծել երկկողմ բարձր մակարդակի այցելությունների ընդլայնումը:


 


ԱԺ փոխնախագահն անդրադարձել է վերջին տարիներին երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման, ապրանքաշրջանառության ծավալի զգալի աճի միտումներին և փաստել, որ թե՛ առևտրատնտեսական, թե՛ էներգետիկ ոլորտներում առկա է չօգտագործված հսկայական ներուժ: Այս համատեքստում կարևորվել է տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը: Հակոբ Արշակյանը խոսել է նաև տեխնոլոգիական ոլորտում Չինաստանի հետ կապերը խորացնելու անհրաժեշտության մասին: Այս առումով ընդգծվել է «Ինժեներական քաղաք» և «Ակադեմիական քաղաք» նախագծերում համագործակցության հնարավորությունը:




Շնորհակալություն հայտնելով Հակոբ Արշակյանին Հայաստան այցի հրավերի համար՝ Չինաստանի ժողովրդական քաղաքական խորհրդակցական համաժողովի 14-րդ ազգային կոմիտեի փոխնախագահը մատնանշել է 2024 թվականին ԱԺ փոխնախագահի գլխավորած պատվիրակության այցը Չինաստան, ինչը, ըստ նրա, զգալի դերակատարություն է ունեցել հայ-չինական հարաբերությունների զարգացման գործում:



Սու Հույի գնահատմամբ 2025 թվականը երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից հաջողված տարի էր. երկու երկրների ղեկավարները հայտարարեցին ռազմավարական գործընկերության օրակարգի մասին, որը համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի: Կարևորվել են խորհրդարանականների ակտիվ շփումները: Սու Հույը բարձր է գնահատել Հայաստանի աջակցությունը «Մեկ Չինաստան» սկզբունքին և մի շարք այլ հարցերում:



 

Քննարկվել են մի շարք բնագավառներում համագործակցության խթանման ուղիները: