Օգոստոսի 8-ից հետո որոշ ուժեր ցայտնոտի մեջ են, զգում են իրենց տերերի հեռանալը

Վերջերս ճեպազրույցներից մեկի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ խորհրդարանական առաջիկա ընտրություններում քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն խաղաղության և ոչ խաղաղության միջև։


Թեմայի վերաբերյալ զրուցել ենք բժիշկ, հասարակական-մշակութային գործիչ Վահան Վարդապետյանի հետ։


«Ես, շփվելով հասարակական լայն շրջանակների հետ, ոչ միայն հիմա, այլև ընդհանրապես եկել եմ այն եզրակացության, որ մենք չափազանց խաղաղասեր ժողովուրդ ենք, և մեր հոգիներում այդ ընտրությունն ի սկզբանե և ընդմիշտ կատարված է։ Եվ դրան նաև նպաստեց օգոստոսի 8-ի վաշինգտոնյան այդ փաստաթղթերի ստորագրումը, որը մեր հասարակությանը հույս է ներշնչում, որ այդ խաղաղության հանդեպ ունեցած հավատը և հետագա գործընթացներն առանց հիմքի չեն։ Մենք, այո, պարտված կողմ էինք, և փաստորեն դիվանագիտորեն մեզ հաջողվեց, իսկ դա ես համարում եմ մեր անկախ դիվանագիտության մեծագույն ձեռքբերումը։ Թող նախկինները և  նրանց համակիրները չնեղվեն, դա օբյեկտիվ պետք է լինի, մենք նոր ունեցանք անկախ դիվանագիտություն։ Եվ սա մեր անկախության, անկախ կարգավիճակի իրական հաստատումներից մեկն է»,- ասաց Վահան Վարդապետյանը։


Խոսելով նաև ընդդիմության արձագանքի մասին՝ մեր զրուցակիցն ասաց, որ մենք պետք է առարկայական, ճիշտ գնահատական տանք. ամենակարևոր, հզոր, ժողովրդավարական երկրի հետ մենք կնքում ենք միանգամից երեք համաձայնագիր։ Այնուհետև նա հիշեցրեց, որ երբ նախորդ վարչակարգի օրոք ստորագրվեց ռազմաստրատեգիական համագործակցության այդ հուշագիրը, ինչեր էին ասում նույն այդ մարդիկ, ովքեր հիմա էլ ասում էին՝ դա նախկին վարչակարգի օրոք է, շարունակություն չի ունենա, բայց հետո իրենց սխալը չեն ընդունում, որ եկավ նոր վարչակարգը, և շատ ավելի ակտիվ շարունակվեցին գործընթացները։


«Հետո անընդհատ ասում էին՝ դուք փաստորեն չեք ուզում գուբերնիա, դուք ուզում եք թուրքի ազդեցության տակ անցնել, դուք ուզում եք թուրքական վիլայեթ։ Ներողություն, մեր յուրաքանչյուր նորմալ քաղաքացի ո՛չ վիլայեթ է ուզում, ո՛չ գուբերնիա է ուզում։ Մենք ուզում ենք նորմալ, ժողովրդավարական երկիր, ԵՄ-ի անդամ՝ ունենալով այնպիսի հզոր դաշնակիցներ, ինչպիսին, օրինակ, Միացյալ Նահանգներն է»,- նշեց Վահան Վարդապետյանը։


Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան