Մարդու իրավունքների եվրոպական
դատարանն ընդդեմ ՀՀ-ի նոր վճիռ է կայացրել 2008-ի մարտի 1-2-ի արյունալի իրադարձությունների
գործով և արձանագրել, որ 17 տարի առաջ պետության գործողությունները հանգեցրել են կյանքի
իրավունքի խախտման, և ՀՀ իշխանությունները չեն իրականացրել արդյունավետ և լիարժեք քննություն,
որը թույլ կտար պարզել զոհերի մահվան հանգամանքները։
Թեմայի վերաբերյալ զրուցել ենք ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Քլոյանի
հետ։
Նա նշեց, որ ՄԻԵԴ վճիռը մարտիմեկյան
իրադարձությունների ամենաառանցքային վճիռներից մեկն է, 17,5 տարի և՛ զոհերի հարազատները,
և՛ համոզված է՝ նաև մեր շատ քաղաքացիներ անհամբեր սպասել են այս վճռի կայացմանը։
Վարչապետը նույնպես անդրադարձել
է ՄԻԵԴ վճռին՝ նշելով, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է ակնհայտը,
որովհետև ինքը նախկինում էլ ասել է՝ ըստ էության Մարտի 1-ի գործը բացահայտված է:
«Այլ բան է, որ ես հույս ունեմ՝
ՄԻԵԴ վճիռը նոր խթան և նոր ազդակ կլինի մեր իրավապահների համար, որպեսզի նրանք ի վերջո
գտնեն ինչպես արդյունավետ դատավարության ձևը, այնպես էլ ապահովելու, որ Մարտի 1-ի ոճրագործներից
որևէ մեկը ոչ թե ձևական, այլ իրական պատասխանատվությունից չխուսափի»,- ասել է վարչապետը։
Այս առնչությամբ պատգամավոր հիշեցրեց, որ դատական նիստում Ռոբերտ Քոչարյանը մի հայտարարություն
արեց, թե՝ ինքը նախ չի կարողանում հասկանալ, թե իրենից ինչ է ուզում իրավապահ համակարգը, և շուրջ 7 տարի տանում-բերում են։
«Բացի դրանից, ինքը
հայտարարեց, որ որպես նախագահ ինքը կատարել է իր պարտականությունները, հետևաբար, ըստ
իս, դա խոստովանություն է այն հանգամանքի, որ իր հրամանով է իրագործվել ահաբեկչություն
սեփական ժողովրդի և պետության նկատմամբ։ Եվ
ես կարծում եմ՝ հատկապես ՄԻԵԴ-ի այս վճիռը թույլ կտա մեր իրավապահ համակարգին այն ներդնել
դատական գործում, որն իր ազդեցությունը կունենա դատական գործընթացների վրա, և չի բացառվում,
որ այս վճռով այլ հանգամանքներ բացահայտվեն»,- նշեց պատգամավորը։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան