Վրաստանի հայ համայնքային հարթակ ՀԿ նախագահ, միջազգային հարցերով փորձագետ Գիորգի Թումասյանի կարծիքով՝ այն մարդիկ, ովքեր ասում են, որ եկեղեցին ու Կտրիճ Ներսիսյանը նույն բանն են՝ պղծում են քրիստոնեության գաղափարը: «Չի կարելի ասել, որ Կտրիճ Ներսիսյանին ուղղված քննադատությունն ուղղված է եկեղեցու դեմ։ Ես կասեմ հակառակը՝ բոլոր այն անձինք, ովքեր ուզում են ազատել եկեղեցին Կտրիճ Ներսիսյանից, իրականում նրանք են սպասարկում եկեղեցու շահը»,- Civic.am-ի տաղավարում հայտարարեց նա՝ մեկնաբանելով մի խումբ ջավախահայերի տարածած հաղորդագրությունը ի պաշտպանություն Կտրիճ Ներսիսյանի։
Նրա խոսքով՝ Կտրիճ Ներսիսյանն ու նրա խմբակիցը կարծում են, որ
հայ ժողովուրդը «ոչխար է»: «Ի՞նչ է նշանակում՝ եկեղեցու
ներքին գործ, ի՞նչ է նշանակում՝ եթե ուխտը
խախտել է, դա ծանր հանցագործություն չէ։ Եթե չի պատժվում՝ ուրեմն համակարգում կա խնդիր։
Եթե չի ստացվում խնդիրը լուծել եկեղեցու ներսում՝ ուրեմն մենք համակարգի հետ խնդիր
ունենք։ Միակ տարբերակն այն է, որ Կտրիճ Ներսիսյանը լքի Մայր աթոռը, ունենանք ժամանակավոր
տեղապահ։ Հայ առաքելական եկեղեցին պետք է սպասարկի Հայաստանի Հանրապետության շահերը,
բա էլ ո՞ւմ շահերը սպասարկի»,- նկատեց նա։
Թումասյանը մեկնաբանեց նաև հայաստանյան ընդդիմության վարած քաղաքականությունը՝
օգոստոսի 8-ին ձեռք բերված պայմանավորվածություններից հետո։ Ըստ մեր զրուցակցի՝ նրանք
պարզապես պահանջում են կատարել նոյեմբերի
9-ի համաձայնագրի 9-րդ կետը․ «Իրենց նպատակն է, որ պատերազմի հետևանքով Ադրբեջանը ներխուժի
Սյունիք, գործակալներն ուզում են Սյունիքը Լեռնային Ղարաբաղի նման հանձնել։ Փաստացի ուզում են Սյունիքը հանձնել Ռուսաստանին, որից հետո
Հայաստանի պետականության մասին խոսելն անիմաստ է։ Լոգիստիկ կապերն էլ կվերահսկի Մոսկվան։
Գործակալական ընդդիմությունն ուզում է Հայաստանը փոխանցել Ռուսաստանին, որովհետև միակ
տարբերակը իշխելու համար հենց դա անելն է։ Իրենց նպատակը այս պետության կայունությունն ու զարգացումը չէ։ Ուզում են, որ ռուսաց կայսրը
իրենց տա լեգիտիմություն, փող աշխատելու համար, ինչը իրենք նախկինում արել են»,- ասաց նա։
Մարիամ Գրիգորյան
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում