Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, որը երրորդ ժամկետով թեկնածու է առաջադրվել իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից, փոխքաղաքապետ Գեորգի Տկեմալաձեի հետ հանդիպել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ։
Թբիլիսիի քաղաքապետարանի մամուլի ծառայության հաղորդմամբ՝
հանդիպման ժամանակ ընդգծվել է «Վրաստանի և Հայաստանի միջև բարեկամական
հարաբերությունների նշանակությունը, ինչպես նաև տարբեր ուղղություններում փորձի
փոխանակման կարևորությունը»։
«Հայերն ու վրացիները բարիդրացիական
հարաբերություններ ունեն։ Մենք պետք է ամեն ինչ անենք դրանք խորացնելու և ավելի
հետաքրքիր դարձնելու համար։ Օգտվելով առիթից՝ շնորհավորում եմ ձեզ Հայաստանի
անկախության օրվա (սեպտեմբերի 21-ի) կապակցությամբ։ Այս կապակցությամբ Թբիլիսիի
հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով»,- ասել է Կալաձեն։
Նրա խոսքով՝ ամեն անգամ Երևան գալիս «ինձ զգում եմ՝ ինչպես տանը»։
«Վստահ եմ, որ մեր քաղաքների միջև ակտիվ
համագործակցությունը կշարունակվի նաև ապագայում, և մենք կկարողանանք իրականացնել
բազմաթիվ կարևոր նախագծեր»,- հավելել է Կալաձեն։
Երևանի քաղաքապետի խոսքով՝ ինչպես Թբիլիսին, Երևանը նույնպես մեծ
նշանակություն է տալիս տրանսպորտային բարեփոխումներին։
«Ե՛վ Թբիլիսին, և՛ Երևանը արագ զարգանում են։ Մենք գիտենք, թե դուք
որքան մեծ ուշադրություն եք դարձնում տրանսպորտային բարեփոխումներին։ Ես գիտեմ, որ
տրանսպորտային ենթակառուցվածքների կարգավորումը շատ կարևոր է Թբիլիսիի բնակիչների
համար։ Այս ուղղությամբ փորձի փոխանակումը օգտակար կլինի։ Բացի դրանից, մենք ուրախությամբ
ավելի շատ մշակութային միջոցառումներ կանցկացնենք
Թբիլիսիի հետ միասին»: Ինչպես հաղորդել է Թբիլիսիի
քաղաքապետարանի մամուլի ծառայությունը՝ այս մասին հայտարարել է Տիգրան Ավինյանը։