Մենք պետք է օգտագործենք պատմական՝ սահմանադրաիրավական ռեսուրսը և միջազգային լավագույն
փորձը՝ ունենալու Սահմանադրություն, որը ոչ թե կրկնօրինակում է այլ երկրների սահմանադրությունները,
այլ, ըստ էության, արտացոլում է այն զարգացումները, որոնք առկա են ՀՀ-ում։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական
պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի
նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության
7-րդ համաժողովում ընդունված հռչակագրի դրույթներին, մասնավորապես Չորրորդ Հանրապետության
հռչակմանը որպես ռազմավարական առաջիկա անելիք, նոր Սահմանադրության ընդունմանը։ Նրա խոսքով՝ եթե պետությունը գնում է նոր Սահմանադրության
ընդունման, նշանակում է՝ դրա մեջ պետք է արտացոլի երկրի ներկան և ապագան՝ անդրադառնալով
անցյալին։ Վլադիմիր Վարդանյանը միաժամանակ նկատեց՝ պետությունը լաբորատորիա չէ, որի
վրա պետք է փորձարկվեն այլ պետությունների՝ ֆրանսիական, գերմանական, իսրայելական և
այլազան «մայր օրենքները»։
Անդրադառնալով ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության կողմից շրջանառության մեջ դրված հայտարարության
նախագծին՝ «Ազգային ճգնաժամի ու կառավարման ձախողման մասին», և հերթական փորձին՝ անվստահություն
հայտնել ՀՀ վարչապետին, մեր զրուցակիցը նկատեց. «Ես անկեղծորեն չեմ հասկանում մեր ընդդիմադիր գործընկերներին՝
ինչո՞ւ է պետք ռեսուրս ծախսել նման գործընթաց
սկսելու վրա, եթե ընդամենը ամիսներ հետո նախատեսվում են հերթական ընտրություններ։ Հերթական
ընտրությունների վրա այդ ռեսուրսը ծախսելը շատ ավելի արդյունավետ կլիներ։ Սահմանադրությունը
կանոնակարգում է՝ որ եղանակով, ինչպես, որ հանգամանքների դեպքում և ինչ ընթացակարգով
կարող ես անվստահություն հայտնել վարչապետին։ Լսումները դրանց մեջ որևէ եղանակով չեն
մտնում։ Հայտարարությունը դրա մեջ որևէ եղանակով չի մտնում։ Եկեք անկեղծ լինենք հասարակության
հետ՝ շատ դեպքերում այդ հայտարարության տեքստն անհրաժեշտ է, որպեսզի ֆորմալ առումով
ՊՈՒ-ն կարողանա հրավիրել լսումներ։ Քաղաքական գործընթացի տրամաբանության մեջ սա հասկանալի
է, սակայն իրավական որևէ հետևանք այն չի կարող առաջացնել»։
Անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ
Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, որում վերջինս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
մեղադրում է 44-օրյա պատերազմը սանձազերծելու և այլ մեղքերի մեջ և նշում, թե Փաշինյանն
ատում է անկախությունը, քանի որ այն ինքը չի բերել, ՔՊ խմբակցության պատգամավորը ափսոսանք
հայտնեց։ «Սովորաբար երկրի առաջին նախագահը պետք է լինի սիմվոլ, եթե ոչ ազգային համերաշխության,
ապա ազգային խոհեմության։ Իր կողմից գործածված արտահայտությունները որևիցե տրամաբանության
մեջ չեն տեղավորվում։ Ինձ համար բավականին դժվար է որոշակի մեկնաբանություններ անելը։
Ես շատ պետք է խնդրեմ առաջին նախագահի շրջապատին հնարավորինս հարգել և վերջինիս վաստակը,
և վերջինիս ներդրումը ՀՀ անկախության գործում և զերծ մնալ նրա ականջին տարբեր բաներ
ասելուց՝ այսպիսով շեղելով այն հիմնական արժեքներից, որոնց նա դավանել է ՀՀ անկախ հանրապետության
նախագահ ընտրվելիս։ Ինձ համար կա երկու Լևոն Տեր-Պետրոսյան՝ մեկը, որը իր հրաժարականից
հետո մինչև 2008 թվականը որևէ ձայն չհանեց ՀՀ-ում ժողովրդավարական արժեքներից հսկայական
նահանջի մասին՝ ոչ Հոկտեմբերի 27-ին հստակ, հրապարակային հայտարարություններ արեց,
ոչ 2014 թվականի ապրիլյան իրադարձությույնների ժամանակ, երբ Բաղրամյան փողոցի վրա բրիրտ
ուժով ցույց ցրվեց, ոչ քաղաքական սպանությունների վերաբերյալ մտահոգություն ու գնահատական
հնչեցրեց… և շատ զարմանալի է այս ակտիվությունը։
Բոլորս էլ հասկանում ենք՝ առաջիկայում ընտրություններ են, և քաղաքական ուժերն ակնկալում
են ժողովրդի քվեն»։
Վ․ Վարդանյանի հետ մեր զրույցի այլ ուշագրավ մանրամասները՝ տեսանյութում։
Հեղինե Մանուկյան