Հրապարակախոս Վահրամ Աթանեսյանը
Civic.am-ի տաղավարում անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՔՊ կուսակցության
համաժողովում հնչեցրած ելույթին և վերջինիս մեկնաբանությանը, թե ինչու է նախկինում
ասել՝ «Արցախը Հայաստան է և վե՛րջ»։
Աթանեսյանի դիտարկմամբ՝ Հայաստանի
վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայրենասեր է հիմա,
ոչ թե 2019 թվականի օգոստոսի 5-ին։ Նրա դիտարկմամբ՝ անհասկանալի են դաշտում առկա քաղաքական ուժերի,
այդ թվում՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մեկնաբանություններն այն մասին, թե
նրա այդ հայտարարությունից հետո է, որ Ադրբեջանը պատերազմ է սանձազերծել, քանի որ Հայաստանում
ու Արցախում չի եղել մի ուժ կամ գործիչ, որ
այլ կարծիք է ունեցել: «Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում վարչապետի կողքին կանգնած
էին Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, Հայ առաքելական եկեղեցու
Արցախի հոգևոր թեմի առաջնորդը և առհասարակ Ստեփանակերտի քաղաքական էլիտան։ ՀՀ վարչապետն է, թե ԱԺ նախագահը՝ երբ Ստեփանակերտում
է և պետք է դիմի հանրությանը, ապա այդ տեքստերը, որպես կանոն, համաձայնեցվում են։ Ես
չեմ պատկերացնում, թե Արցախի քաղաքական ղեկավարությունը
ինչպես է վերաբերվել այն մեսիջին, որ վարչապետը պետք է հղեր։ Ի վերջո նրա այդ ուղերձը
արժանացել է մոտ 15․000 մարդու ծափահարություններին։
Վերադառնալով նրա այսօրվա մեկնաբանությանը՝ պետք է ասել, որ ինքն այն ժամանակ արտահայտել է Հայաստանի
ու Արցախի ժողովրդի 99.9 տոկոսի կամքը»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց նա։
Ըստ Աթանեսյանի՝ վարչապետ Փաշինյանին հիմա կարելի է մեղադրել,
թե նա ինչու, ստանձնելով պաշտոնը, քաղաքական կամիկաձե չեղավ․ «Եվ 2018 թվականի մայիսին
ստանձնելով վարչապետի պաշտոնը՝ չդիմեց հանրությանը՝ ասելով՝ սիրելի ժողովուրդ, մենք
ունենք Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման մեկ տարբերակ՝ տարածքներ պատերազմ չսկսելու
երաշխիքի դիմաց, գնո՞ւմ ենք այս կարգավորման, թե՞ ոչ։ Բացարձակապես կարգավիճակի մասին
խոսք չկար, ով հիմա այդ մասին ինչ ասում է՝ ուրանում է իր ծնողին՝ թե՛
քաղաքական, թե՛ իրական։ 2014 թվականին Սոչիում Վլադիմիր Պուտին-Սերժ Սարգսյան-Իլհամ
Ալիև հանդիպումից հետո Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին խոսակցությունները դադարել
են բանակցությունների քննարկման թեմա լինելուց»։
Մեր զրուցակցի խոսքով՝ եղել է առարկայական մեկ հայեցակարգ՝ Հայաստանը Ադրբեջանին
է վերադարձնում Լեռնային Ղարաբաղի շուրջ ադրբեջանական
բոլոր տարածքները՝ բացի Լաչինի միջանցքից, որի պարամետրերը պետք է որոշեն Հայաստանն
ու Ադրբեջանը: «Իսկ Ադրբեջանը դրա դիմաց երաշխիքներ է տալիս, որ պատերազմ չի
լինելու։ Սա է եղել կարգավորման տարբերակը, ի՞նչ հեքիաթներ են պատմում»,- ընդգծեց նա։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Մարիամ Գրիգորյան