Ֆրանսիան, Բելգիան և մի շարք այլ երկրներ պաշտոնապես ճանաչել են Պաղեստինի Պետությունը

Ֆրանսիան պաշտոնապես ճանաչել է Պաղեստինի Պետությունը։ Այս մասին հայտնում է BBC-ն։


«Այսօր ես հայտարարում եմ Ֆրանսիայի կողմից Պաղեստինի Պետության ճանաչման մասին»,-հայտարարել է Մակրոնը՝ ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում։ 


Մակրոնը նշել է, որ «խաղաղության ժամանակը եկել է» և որ «ոչինչ չի արդարացնում Գազայում շարունակվող պատերազմը»։ 


Ֆրանսիայի ղեկավարի խոսքով՝ Փարիզի կողմից Պաղեստինի ճանաչումը «կբացի ճանապարհը իսրայելցիների և պաղեստինցիների միջև բանակցությունների համար»։ «Խաղաղության հնարավորություն կա», - ընդգծել է նախագահը՝ հավելելով․ «Մենք բոլորս պետք է աշխատենք խաղաղության մեխանիզմները գործարկելու ուղղությամբ»։ 


Ֆրանսիայի առաջնորդը համաժողովում հայտնել է, որ ժամանակն է դադարեցնել պատերազմը և ազատել ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող մնացած իսրայելցի պատանդներին։ 


Նա զգուշացրել է «անվերջ պատերազմների վտանգի» մասին՝ ավելացնելով, որ «իրավունքը միշտ պետք է գերակշռի ուժի նկատմամբ»։


«Միջազգային հանրությունը չի կարողացել Մերձավոր Արևելքում կառուցել արդար և երկարատև խաղաղություն: Մենք պետք է անենք մեր ուժերի սահմաններում ամեն ինչ՝ պահպանելու երկու պետությունների սկզբունքով կարգավորման հնարավորությունը, որում Իսրայելին և Պաղեստինին կտեսնենք կողք կողքի՝ խաղաղության և անվտանգության մեջ»,-նշել է նա


Բելգիայի թագավորության վարչապետ Բարտ դե Վևերը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում հայտարարել է, որ միացել է Պաղեստինի Պետությունը ճանաչած երկրների խմբին։ 


«Միայն նման լուծումը թույլ կտա Իսրայելի և Պաղեստինի բնակիչներին ապրել կողք կողքի խաղաղության և անվտանգության մեջ»,- ասել է Թագավորության վարչապետ Բարտ դե Վևերը։


Մոնակոն, Մալթան, Լյուքսեմբուրգը և Անդորրան նույնպես պաշտոնապես ճանաչել են Պաղեստինի Պետությունը։


Ավելի վաղ Պաղեստինը ճանաչել էին Մեծ Բրիտանիան, Կանադան, Ավստրալիան և Պորտուգալիան։