Կարապետյանները շուտով կհասկանան՝ մեր ժողովուրդը միամիտ ու աղքատ Գիքոր չի

«Որքան էլ ուզենք-չուզենք, որքան էլ դառը կամ քաղցր լինի՝ պետք է ընդունենք, որ Երրորդ հանրապետության ծնունդը,  ստեղծման գաղափարը բացառապես  կապված է Արցախյան շարժման հետ և սերտ առնչություն ունի Արցախի հետ։ Եվ այն, ինչ տեղի ունեցավ Արցախի հետ, դրանից հետո, բնականաբար, բնական հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ բարոյական իրավունքով պետք է շարունակվի Երրորդ հանրապետությունը»,- այս մասին civic.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը։  


Նա խորհուրդ տվեց բոլոր նրանց, ովքեր անողոք քննադատում են Չորրորդ հանրապետության գաղափարը, ծանոթանալ Ֆրանսիայի Հանրապետության պատմությանը, ու ամեն ինչ պարզ կդառնա։ «Ես կարծում եմ, որ Չորրորդ հանրապետությունն էլ կարճ կյանք պետք է ունենա, դա անցումային շրջան է լինելու դեպի Հինգերորդ հանրապետություն, որը, կարծում եմ, շատ ավելի երկար և կայուն կենսագործունեություն կունենա»,- կանխատեսեց Նազարյանը։


Անդրադառնալով «Պատիվ ունեմ»-ի՝ ՀՀ վարչապետին  հերթական անգամ անվստահություն հայտնելու նպատակով խորհրդարանական լսումներ հրավիրելու մտադրությանը՝ Նազարյանը նկատեց. «Թող հրավիրեն, եթե ուզում են ևս մեկ անգամ մի քանի նույն մարդկանց կամ հանրության տարբեր շերտերի լսեն, ինչու ոչ»։


Ի՞նչ օրակարգով են քաղաքական ուժերը մասնակցելու 2026-ի խորհրդարանական ընտրություններին՝ խաղաղությա՞ն, թե՞ ռևանշիզմի՝ Արցախը հետ բերելու՝ հարցին էլ  մեր զրուցակիցն արձագանքեց. «Քաղաքական ուժերը նորից թաքցնելու են իրենց հիմնական ցանկություններն ու նպատակները, հագնելու են իրենց դիմակներն ու ասելու են մի բան, բայց իրականում մտածելու են այլ բան։ Բոլորն ասելու են՝ մենք խաղաղության կողմնակից ենք, բա՜յց․․․ Բայց մեր ժողովուրդը հեշտությամբ կկողմնորոշվի՝ ով ինչ է արել, ինչ ճանապարհ է անցել, ինչ է ասել,  ոչ թե՝  այդ պահին  ով ինչ է ասում։ Բոլորն էլ ասելու են՝ մենք խաղաղության կողմնակից ենք, ի՜նչ պատերազմ Ադրբեջանի հետ, բա՜յց, օրինակ, Արցախի Հանրապետությունը պետք է վերականգնվի, բա՜յց Արևմտյան Հայաստանը մեր հայրենիքն է։ Հայ ժողովրդի հայրենիքն այնտեղ է, որտեղ ձևավորվել է հայ ժողովուրդը։ Հայ ժողովուրդը ձևավորվել է հայկական բարձրավանդակում, Միջագետքում, հարակից բոլոր տարածքներում։ Էդ ամբողջ տարածքը հայերի հայրենիքն է։ Եվ այն տարածքը, որը այժմ ՀՀ սահմաններում է, խնամքի ու հոգատարության կարիք ունի, և մենք պետք է Արթիկն ու Իջևանը, Գյումրին ու Վանաձորը գոնե նույնքան սիրենք և դրանց նույնքան գեղեցիկ երգեր ձոնենք, որքան ձոնում ենք Վանին, Մուշին, Արդահանին»։


Գեղամ Նազարյանի հետ խոսել ենք նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Անկախության օրվա առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հղած ուղերձի արձագանքի, ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանի քաղաքական  նկրտումների և այլ հարակից թեմաների մասին։


Զրույցի ուշագրավ մանրամասները՝ տեսանյութում։ 

  Հեղինե Մանուկյան