Իմ տեղեկություններով՝ Ալիևն ու Էրդողանը գալու են Երևան. Բաբաջանյան

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը Civic.am-ի տաղավարում անդրադառնալով նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտությանը՝ ասաց, որ պետք է զգույշ լինել ու Ադրբեջանի պահանջը չկապել այդ հարցին՝ վստահություն հայտնելով, որ Հայաստանին նոր Սահմանադրություն պետք է։ Բաբաջանյանը հիշեցրեց, որ դեռևս մինչև պատերազմը եղել է այդպիսի հանձնաժողով, որին ներգրավված են եղել նաև ընդդիմության ներկայացուցիչները։


Նա ընդգծեց, որ օգոստոսի 8-ի ստորագրված փաստաթղթով Հայաստանի համար անպատկերացնելի հեռանկարներ են բացվել։ Բաբաջանյանը նշեց, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի առաջիկա՝ Էրղողան-Թրամփ հանդիպմանը նաև շոշափվի Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հարցը, և եթե  այս պահին հնարավոր չէ դիվանագիտական հարաբերություններ հաստատել, ապա մենք պետք է տրանզիտային ուղի ստանանք Թուրքիայի տարածքով թե՛ դեպի եվրոպական շուկա, թե՛ արաբական։


Բաբաջանյանը հիշեցրեց, որ հաջորդ տարեսկզբին Երևանում տեղի է ունենալու Եվրոպական համայնքի գագաթնաժողովը։ «Ունեցածս տեղեկություններով՝ թե՛ Ալիևն է գալու Երևան և թե՛ Էրդողանը։ Գիտեմ, որ դիվանագիտական ջանքեր են գործադրվում նաև Թրամփին Երևան բերելու համար։ Եվ ինչու չէ, պետք է ամեն ջանք գործադրել, որ դեռ ընտրություններից առաջ ստորագրվի խաղաղության պայմանագիրը հենց Երևանում»,- ասաց Արման Բաբաջանյանը։

 

Մանրամասն՝ տեսանյութում

 

Վոլոդյա Հակոբյան