ՀՀ երեք նախագահները նմանվում են թմրամոլի․ ոռնոցը այլ բանի հետ է կապված

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար, ՔՊ նորընտիր վարչության անդամ Հայկ Կոնջորյանը Civic.am-ի տաղավարում հայտարարեց՝ բազմիցս արձանագրվել է, որ Հայաստանի նախկին նախագահների կողմից երրորդ հանրապետությունն ականապատվել է: «Դա մի ռումբ էր, որ յուրաքանչյուր պահի՝ մի քիչ աջ, մի քիչ ձախ, հենց  մեր պետությունը փորձեր լիներ ինքնուրույն՝ կպայթեր։ Այդ ականը եղել է ղարաբաղյան կոնֆլիկտը, որը որպես ական դրվել է՝ թույլ չտալու, որ Հայաստանի Հանրապետությունը որպես ինքնիշխան պետություն կայանա։ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը սպասարկել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան պետություն չդառնալու հրեշավոր նախագիծը»,- նկատեց մեր զրուցակիցը։


Կոնջորյանի խոսքով՝ վերլուծելով Երրորդ հանրապետության պատմությունը, արձանագրելով այն մարտահրավերները, որ կան մեր պետության առջև, ՔՊ համագումարի ընթացքում  Չորրորդ հանրապետությունը հռչակվել է  որպես առաջիկա ռազմավարական անելիք«Հայաստանի Հանրապետությունը պետք է կտրի իր սեփական պորտալարն այն համակարգից, որն ի սկզբանե ստեղծված է եղել շահագործելու, հարստահարելու, հետապնդելու մեր ժողովրդին։ Այդ համակարգից սեփական պորտալարը կտրելը ցավոտ է, և Լևոն Տեր-Պետրոսյանի ու նրա նմանների ոռնոցը դրա հետևանքն են»։


Նրա դիտարկմամբ՝ ՀՀ երեք նախագահներն էլ մեղադրել են Հայաստանին պատերազմ սկսելու մեջ, և նրանց հայտարարությունները դարձել են հենց իրենց քաղաքական կյանքի դագաղի հերթական մեխը: «Դրանից հետո նրանք չեն կարող որևէ կենսունակ քաղաքական գործընթաց սկսել, ամենայն հավանականությամբ՝ այդպիսի խնդիր իրենց առաջ չեն էլ դնում։ Տպավորություն է, որ նրանք հանձնարարական ունեն, որն ամեն կերպ փորձում են իրագործել, բայց նույնիսկ դա անելու մեջ այնքան անտաղանդ են, որ չեն կարողանում ավելի խելացի բան մտածել։ Տպավորություն է, որ նրանք այս պահին ավելի շատ զբաղված են Հայաստանին վնասելով։ Տեսնում են, որ չեն կարող փոխել ՀՀ իշխանությանը, որովհետև այն պատկանում է ժողովրդին,  և ասում են՝ լավ, ոնց կարող ենք վնասել պետությանը, կարող է հանկարծ դրա արդյունքում ինչ-որ բան ստացվի անել։ Գիտեք՝ ՀՀ երեք նախկին նախագահները նմանվում են թմրամոլների, որոնք կանգ չեն առնում հերթական դոզան ընդունելու ճանապարհին՝ մինչև որ կհայտնվեն անհուսալի իրավիճակում»,- եզրափակեց նա։


Մարիամ Գրիգորյան

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում