Մահացել է իտալացի դերասանուհի Կլաուդիա Կարդինալեն, նա 87 տարեկան էր։ Ինչպես AFP-ին հայտնել է դերասանուհու գործակալ Լորան Սավրին, Կարդինալեն մահացել է իր երեխաների շրջապատում՝ Փարիզից ոչ հեռու գտնվող Նեմուր քաղաքում։
Կարդինալեն
ծնվել է Թունիսում 1938 թվականի ապրիլի 15-ին։ Հաղթելով գեղեցկության մրցույթում՝
Կարդինալեն հայտնվել է Վենետիկի կինոփառատոնին և ստացել կինոնկարահանման առաջարկ։
Կինոկարիերայի
սկզբում Կարդինալեն բռնաբարվել է, հղիացել և որոշել է պահել երեխային։ Մի քանի
տարի նրա որդին՝ Պատրիկը, պաշտոնապես համարվում էր նրա կրտսեր եղբայրը։ «Ես
ստիպված էի ընդունել այդ սուտը՝ սկանդալից խուսափելու և իմ կարիերան պաշտպանելու
համար»,- պատմել է դերասանուհին։
Առաջին ֆիլմերում դերասանուհուն կրկնօրինակել են, քանի որ նա իտալերեն չգիտեր: 20 տարեկանում «ես դարձա հեքիաթի հերոսուհի, մի երկրի խորհրդանիշը, որի լեզվով գրեթե չէի խոսում»,- գրել է նա իր 2005 թվականի ինքնակենսագրականում՝ «Իմ աստղերը»: Առաջին ֆիլմը, որում հնչել է հենց իր՝ Կարդինալեի ձայնը, «8½»-ն էր. այդ ֆիլմում նա նկարահանվել է 25 տարեկանում:
Նույն՝ 1963 թվականին, Կարդինալեն խաղացել է Լուկինո
Վիսկոնտիի «Ընձառյուծը» ֆիլմում: «Վիսկոնտին ուզում էր, որ ես լինեի թխահեր՝ երկար
մազերով: Ֆելինին ուզում էր, որ ես լինեի շիկահեր»,- պատմել է նա:
Կարդինալեն
ընդհանուր առմամբ նկարահանվել է ավելի քան 120 ֆիլմերում, այդ թվում՝ Բլեյք
Էդվարդսի «Վարդագույն հովազ», Սերջիո Լեոնեի «Մի անգամ Վայրի Արևմուտքում» և Միխայիլ
Կալատոզովի «Կարմիր վրան» ֆիլմերում: Էկրանին նրա խաղընկերների թվում էին Մարչելլո
Մաստրոյանին, Հենրի Ֆոնդան, Մարլոն Բրանդոն, Ալեն Դելոնը, Շոն Քոններին և Բերտ
Լանկաստերը: