ՊՈՒ-ն մնացել է Միկի Մաուսին բերի, որը ավելի մեծ հեղինակություն ունի, քան իրենց վարչապետացուները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում երկու քաղաքական գրառում է կատարել, որոնցից մեկում նշել է. «ՀՀ երեք ղեկավարները շարունակաբար պնդում են, թե ես Հայաստանը ներքաշել եմ պատերազմի մեջ։ Բա որ ես եմ Հայաստանը պատերազմի մեջ ներքաշել, բա 2018-ի դրությամբ ՀՀ 18 տարեկան զինվորը ի՞նչ գործ ուներ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս։ Ընդ որում, նրանք ոչ ձեր զավակներն էին, ոչ ձեր թոռները։ Բա ձեր թոռներին ու զավակներին ինչո՞ւ չէիք ուղարկում խաղաղության գոտի։ Պատասխանեք»։


Ի դեպ, վարչապետի գրառումներին արձագանքել են ՀՀ երեք ղեկավարների գրասենյակներից։


Թեմայի վերաբերյալ զրուցել ենք ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տիգրան Պարսիլյանի հետ։


«Կարծում եմ՝ այնքան պարզ է, որ մեկնաբանելու բան չկա։ Այս արձագանքները գիտեք՝ ինչու են. իմ մոտ տպավորություն է, որ ճշմարտություններն անընդհատ եղել են հանրության մեջ, բայց դա բարձրաձայնելը մի տեսակ տաբու է եղել, ու մենք ոնց որ առաջին ուժը լինենք, որ անկեղծ ու ընկերական, ազնվությամբ ժողովրդի հետ շփվելիս բարձրաձայնում ենք էն, ինչ կա։ Այսինքն՝ այսքան տարի տարբեր միֆերով, տարբեր հայրենասիրական կոչերով, պոպուլիստական տարբեր բաներով անընդհատ տպավորություն են ստեղծել, որ պատերազմն ավարտված է, և մենք հաղթած պետություն ենք»,-  ասաց պատգամավորը։


Նրա խոսքով՝ երբ ճշմարտության հետ ստիպված են լինում առնչվել և  հիմնավոր ու բովանդակային ոչ մի պատասխան և արձագանք չեն գտնում, արդեն որերորդ անգամ իրենք արձագանքում են վիրավորանքներով, դատարկ և անբովանդակ հակադարձումներով։


«Ընդհանրապես պատերազմը ե՞րբ է ավարտված՝ երբ քո զորքը գտնվում է այն տարածքում, որը միջազգայնորեն ճանաչված է, ու կապ չունի՝ հաղթող ես, թե ինչ ես։ Հաղթանակը կլիներ այն դեպքում, երբ քո զորքը կանգնած կլիներ միջազգայնորեն ճանաչված քո տարածքներում։ Սա պարզ ճշմարտություն է»,-  հավելեց պատգամավորը։

 

Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան