ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն
իր ֆեյսբուքյան էջում երկու քաղաքական գրառում է կատարել, որոնցից մեկում նշել է. «ՀՀ
երեք ղեկավարները շարունակաբար պնդում են, թե ես Հայաստանը ներքաշել եմ պատերազմի մեջ։
Բա որ ես եմ Հայաստանը պատերազմի մեջ ներքաշել, բա 2018-ի դրությամբ ՀՀ 18 տարեկան
զինվորը ի՞նչ գործ ուներ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս»։
Թեմայի վերաբերյալ զրուցել ենք
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանի հետ։
«Նախ հաղթանակած նախագահների
հետ կապված. գիտեք ինչ, հաղթանակը հաղթանակ չի, եթե այն ամրագրված չի փաստաթղթով, պայմանագրով
կամ այլ ձև։ Երկրորդը՝ կապված վարչապետի ստատուսի հետ. պարզ բան է, նախկին նախագահներից
բացի՝ մեկ էլ մեզ այդ մեղադրանքը հնչեցնում է Ադրբեջանը։ Փաստացի հիմա երեք նախագահները
միացել են Ալիևին և մի ֆռոնտով են հանդես գալիս։ Եթե Ալիևի դեպքում դա նորմալ է, հասկանալի
է՝ ինքը Ադրբեջանի ղեկավարն է, ապա անհասկանալի է մերոնց պահվածքը, մերոնցը՝ չակերտավոր
ասած, մեր նախկին նախագահների, որովհետև դա կոնկրետ ցուցմունք է քո երկրի դեմ, կոնկրետ
երկրիդ մեղադրում ես միջազգային հանցագործության մեջ»,- ասաց պատգամավորը։
Անկախության օրվա իր ուղերձում
Սերժ Սարգսյանը նշել էր, որ գործող ռեժիմը, խոստանալով իրական Հայաստան, մեզ մատուցում
է կեղծ Հայաստան, անարժեք Հայաստան, անպատիվ Հայաստան։ Այս առնչությամբ պատգամավորն
ասաց, որ նա նոր բան չի ասել, այլ ասել է այն, ինչ որ ասում է, այսպես կոչված, միասնական
ընդդիմություն կոչվածը նախկին յոթ տարիների ընթացքում։
«Այսինքն՝ երկիրը ղեկավարած մարդը
գոնե պետք է միտք արտահայտի։ Զարմանում եմ, երբ հայ պատմության մեջ ամենամեծ ձեռքբերում
հանդիսացող Անկախության օրը երկիրը ղեկավարած մարդը նման շարքային ընդդիմադիրի արտահայտություններ
է անում։ Եվ իրենց բոլոր արտահայտություններից, բոլոր պատասխաններից այնպիսի տպավորություն
ես ստանում, որ իրենք բոլորը միջազգային հարաբերությունների
երկրորդ կուրսի ուսանող են»,- ասաց պատգամավորը։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան