«Խաղաղության երկխոսություն» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Էդգար Խաչատրյանի կարծիքով՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հայտարարություններն ուղղակի սպառնալիք են Հայաստանի Հանրապետությանը: «Ինձ համար այդ սպառնալիքն ավելի շուտ էր երևում, երբ ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչները ներկա էին Գյումրու քաղաքապետարանում։ Դա ամոթալի պատկեր է, երբ ինչ-որ քոսոտ ռազմաբազայի ներկայացուցիչներ եկել-նստել լսում էին Գյումրու քաղաքապետին։ Դա է նշանակում սպառնալիք, դա է նշանակում անտեսել ՀՀ սուվերենությունը։ Հարցն այն է, թե ինչ է անում ՀՀ իշխանությունը, որպեսզի ինձ կամ Գյումրու քաղաքացիներին պաշտպանի այդ սպառնալիքներից»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց նա։
Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ սա մի կողմից՝ ենթադրում է հանրային
ընդվզում, մյուս կողմից՝ ենթադրվում են գործողություններ իշխանությունների կողմից․ «Շատ դեպքերում քաղաքացին
կարող է այդ կարևոր շերտերը չտեսնել, սա նաև վատ կրթության հետևանք է։ Սա նաև աշխարհայացքի, ընկալումների հետ կապված
խնդիր է։ Կան, սակայն, հարցեր, որոնք ակնկալում են գործողություններ։ Հեղափոխությունից
անմիջապես հետո մենք ակնկալում էինք լյուստրացիա։ Բալթյան երկրներին հենց լյուստրացիան
հնարավորություն տվեց ազատվել այդ ճնշումներից»։
Մեր այն դիտարկմանը, թե հաճախ իշխանությունները հասկանում են
վտանգները, բարձրաձայնում այդ մասին, բայց գործողությունների իրականացման մասով հապաղում
են, իրավապաշտպանն արձագանքեց․ «Սա բալանսավորման քաղաքականությունն է, դա հստակ է։ Այսինքն՝
չենք ուզում փչացնել մեր հարաբերությունները որևէ դերակատարի հետ, բոլորի հետ լավ հարաբերություններ
ունենանք։ Ես նորից գալիս եմ այն կետին, որ չեմ հավատում այդ մոտեցմանը, համենայնդեպս՝
ոչ մեկն ինձ չի համոզել, որ դա էֆեկտիվ քաղաքականություն է, հակառակում էլ երևի մենք
չենք կարողացել համոզել իշխանություններին։ Դա էլ եմ ընդունում։ Կարծում եմ՝ այս հարցով
մեր երկխոսությունը պետք է իշխանության՝ վարչապետի հետ շարունակենք։ Ի վերջո բոլորս
էլ գործում ենք ի նպաստ Հայաստանի Հանրապետության»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Մարիամ Գրիգորյան