Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լևոն Անանյանը Civic.am-ի եթերում անդրադառնալով Գյումրու օրվա տոնակատարություններին՝ ասաց, որ Գյումրու տոնը պետք է կազմակերպի քաղաքապետարանը, և ոչ մի շարժում իրավասու չէ դա անելու։ Այլապես կարող է հետո մեկ այլ շարժում էլ հայտնվել ու մեկ այլ օր էլ որոշի ինքը Գյումրու օր կազմակերպել։ Տարատեսակ շարժումները, ըստ Անանյանի, կարող են տարբեր միջոցառումներ կազմակերպել, բայց ոչ Գյումրու օրը։
Անդրադառնալով Վարդան Ղուկասյանի
հերթական խնդրահարույց հայտարարությանը, որով վերջինս խոսում էր Հայաստանի՝ ՌԴ-ի հետ
միութենական պետության մեջ մտնելու մասին՝ նշելով, որ Հայաստանը իրենից որևէ բան չի
ներկայացնում, որ կարողանա առանց միության մեջ մտնելու գոյատևել, Լևոն Անանյանն ասաց. «Հայաստանը իրենից ներկայացնում
է անկախ և ազատ պետություն։ Հայաստանը իրենից ներկայացնում է ինքնիշխան պետություն։
Հայաստանը իրենից ներկայացնում է որոշումները միանձնյա կայացնելու կամք ունեցող երկիր։
Հայաստանը իրենից ներկայացնում է խաղաղության ճանապարհը բռնած պետություն։ Հայաստանը
իրենից ներկայացնում է վայր, որտեղ 30 տարի Հայաստանից գնացած մարդիկ կուզենան վերադառնալ։
Հայաստանը իրենից ներկայացնում է երկիր, որտեղ կուզեն գալ ու ապրել օտարերկրացիները։
Հայաստանը իրենից շատ բան է ներկայացնում, և ես զարմանում եմ նման հայտարարությունների
վրա, ու շուտով մարդիկ, որոնք կասկածով են վերաբերվում Հայաստանի Հանրապետությանը,
կհամոզվեն, թե Հայաստանը իրենից ինչ է ներկայացնում։ Իսկ գուցե մարդիկ կան, որ այդպես
են մտածում, բայց դուխ չունեն արտահայտվելու և այդ հայտարարությունները Գյումրիի քաղաքապետի
բերանով են անում»։
Անանյանն անդրադարձավ նաև «Մայր
Հայաստան» դաշինքի առաջարկած ազատ տնտեսական գոտուն՝ նշելով, որ առաջարկել է խմբակցության
ղեկավար Կարեն Սիմոնյանին եթերով բանավիճել, որը, սակայն, վերջինս մերժել է։ Նշեց,
որ ծրագիրը ոչ պրոֆեսիոնալ է գրված եղել, ու բերեց օրինակներ․ «Գրված «ակնկալվող արդյունքները՝
քաղաքի զարգացում», ինձ թույլ է տվել կարծել, որ ChatGPT-ն է առաջարկել։ Հարցն էլ եղել
է, թե «Ազատ տնտեսական գոտին ի՞նչ կտա Գյումրիին»»,- ասաց Անանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
Վոլոդյա Հակոբյան