Իջևանում կատարված սպանության փորձը բացահայտվել է․ կատարողը ձերբակալվել է

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 20-ին` ժամը 20-ին, Ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է հաղորդում, ըստ որի` կացնով հարվածել էին Իջևանի Բլբուլյան փողոցի մի բնակչի ձեռքին և ոտքին:


 

«Ավելի ուշ նույն դեպքի վերաբերյալ հաղորդում ստացվեց նաև «Իջևան» բժշկական կենտրոնից: Հայտնեցին, որ 35-ամյա տղամարդը բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է բուժօգնության:


 

Մեկնել են Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողները: Պարզվել է, որ տուժածի հետ նախկինում ունեցած տարաձայնությունները պարզելիս իր մոտ եղած կացնով նրան վնասվածքները պատճառել է Իջևանի Ասլանյան փողոցի բնակիչ 39-ամյա մի տղամարդ, որը դեպքից հետո դիմել է փախուստի:


 

Տավուշի քրեական և Իջևանի համայնքային ոստիկանների համատեղ միջոցառման և բացատրական աշխատանքից հետո 39-ամյա տղամարդը սեպտեմբերի 23-ին ներկայացել է վարչություն և խոստովանել արարքը։


 

Նա տեղափոխվել է Տավուշի մարզային քննչական վարչություն, ապա` ձերբակալվածների պահման վայր»,- ասված է հաղորդագրությունում։