Քաղաքագետ Բարդուղ Գալստյանը Ղարաբաղից Հայաստան տեղափոխված
մեր հայրենակիցներին կոչ է անում դառնալ Հայաստանի Հանրապետության քաղաքացի և չլքել
Հայաստանը՝ առավել ևս Ռուսաստան տեղափոխվելու նպատակով: «Եթե մի օր ունենալու
ենք պատկերացում Արցախ հետ գնալու մասին, դա պետք է անի Հայաստանում ապրող արցախցին։
Պատմությունը ցույց է տալիս, որ 1994 թվականից սկսած հեռացածներից որևէ մեկը Արցախ
չի վերադարձել, Արցախի համար սիրտը չի ցավել, Արցախի համար ներդրումներ չի արել»,- Civic.am-ի տաղավարում հայտարարեց նա՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանի՝ ՔՊ կուսակցության համագումարում հնչեցրած ելույթին և այն հայտարարությանը,
որ Ղարաբաղից տեղափոխվածները պետք է դառնան
ՀՀ քաղաքացի։
Միևնույն ժամանակ մեր զրուցակիցը կարծում է, որ Ռուսաստանը տարբեր
ուժերի միջոցով փորձ է անում նրանց օգտագործել՝ Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու
համար։ Նա անդրադարձավ նաև այն ընդդիմադիրներին, որոնք խոստանում են իշխանափոխությունից
հետո վերադարձ․ «Այդ «ազնիվ» քաղաքական գործիչները և նախկին իշխանությունները տարիներ շարունակ
ամեն ինչ արել են, որ մենք ունենանք այս արդյունքը, այսինքն՝ Արցախի կորստի, հայաթափման
հիմնական մեղավորը նրանք են։ Արցախն ու արցախահայությունը ինչպես նախկինում, այնպես
էլ այս շրջանում քաղաքական դիվիդենդներ հավաքելու, իշխանության գալու մեխանիզմ են։
Նրանցից որևէ մեկի համար Արցախը ոչինչ չի ներկայացնում։ Ես շատ լավ ճանաչում եմ պաշտոնյաների,
այդ թվում՝ նախկին նախագահի, որոնք 20 և ավելի տարիներ, ունենալով հսկայական ռեսուրսներ, ոչինչ չեն արել Արցախի
համար»,- նկատեց նա։
Գալստյանի խոսքով՝ արցախահայերի զգալի մասը, ինչքան էլ չընդունեն
գործող իշխանություններին, չի էլ գնալու նախկին իշխանությունների հետևից ու ջուր չի
լցնելու նրանց քաղաքականության վրա․ «Ռուսաստանն ամեն ինչ անելու է, որ իշխանության գան իր ղեկավարման
տակ գտնվող քաղաքական ուժերն ու ֆիգուրները, սակայն ես լիահույս եմ, որ արցախցին նախկին
իշխանություններին ու նրանց արբանյակ կուսակցություններին
իշխանության բերելու ճանապարհով չի գնալու»։
Խոսելով նախկին նախագահների մեղադրանքների մասին՝ քաղաքագետն
ասաց․ «Նման լեքսիկոնով արտահայտվում
է նաև Ադրբեջանի նախագահը։ Կարծես միասին՝ ձեռք ձեռքի բռնած փորձում եմ մեղավորի կարգավիճակ
տալ Հայաստանի Հանրապետությանը։ Այս իշխանությունն այսօր կա, իսկ վաղը կարող է չլինել, իսկ մեղավորի կարգավիճակը կմնա։ Նրանց
հայտարարություններն առնվազն դավաճանություն են։ Երեք նախագահներն էլ ուղղորդվել են
մի կետից, ներդրվել են ու բռնի կերպով իշխանությունը պահել են մեկ կետի շնորհիվ։ Նրանց
առաքելությունը պետք է լինի այս տարածաշրջանում ամեն կերպ պահել ռուսական ազդեցությունը»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Մարիամ Գրիգորյան