Մեկ օր առաջ կեսգիշերին Փարաքարում իր տան բակում սպանվել է Փարաքարի
համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը։
Եվ ընդդիմության
որոշ ներկայացուցիչներ անմիջապես հայտարարեցին, որ սա
քաղաքական սպանություն է, և դրա կատարման մեջ մեղադրեցին իշխանությանը։
Թեմայի վերաբերյալ զրուցել ենք ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի հետ։
«Նախ, ես բնավ չեմ ուզի հիմա
որևէ քաղաքական աստառ տալ տեղի ունեցած իրադարձությանը և ցավակցությունս եմ հայտնում
պարոն Գրիգորյանի ընտանիքի անդամներին։ Ողբերգություն է ուղղակի, որ ՀՀ քաղաքական դաշտի
ընդդիմադիր հատվածը օկուպացրած մարդիկ, ըստ էության նախկին նախագահների հետ փոխկապակցված
քաղաքական ուժերը վիշտ, ցավ և ողբերգություն են ման գալիս մեր երկրում, որ կապիտալիզացնեն
դա՝ որպես քաղաքական միավոր։ Ինչ տեղի է ունենում մեր երկրում և առաջին հերթին ցանկացած
մարդկային ողբերգություն, մենք տեսնում ենք, որ ընդդիմության կողմից նման ձևակերպումների
է արժանանում և միանգամից քաղաքական աստառ է տրվում՝ մի կողմ դնելով ընդհուպ մինչև
այդ մարդկանց հարազատների վիշտը և ողբերգությունը»,- ասաց պատգամավորը։
Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ
ինքը շատ վաղուց է նկատել, որ երբ ընդդիմությանը մեղադրանք է հնչում առ այն, որ նրանց
այս կամ կառավարման տարիներին կոռուպցիա է
եղել, ամենաթողություն է եղել, մարդիկ այլևս չեն էլ հերքում, այլ գալիս են ու ասում՝
ձեր ժամանակ էլ կա կոռուպցիա, ձեր ժամանակ էլ կա ամենաթողություն, ձեր ժամանակ էլ չկա
խոսքի ազատություն, այսինքն՝ նրանք փաստում են, որ իրենց ժամանակ այդ ամեն ինչը եղել
է, և դրա դեմ էլ պայքարել չեն կարող։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան