«Պատիվ ունեմ» խմբակցության որոշմամբ հրավիրվել են խորհրդարանական լսումներ, որտեղ քննարկվելու է խմբակցության ներկայացրած «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» ԱԺ հայտարարության նախագիծը։
«Նիկոլ Փաշինյանն անդառնալիորեն
կորցրել է կառավարելու լեգիտիմությունը, ուստի հայտարարում են, որ այս պահին ազգային
արտակարգ իրավիճակի միակ սահմանադրական լուծումը ԱԺ կողմից վարչապետին անվստահություն
հայտնելու գործընթացն է, որը ենթադրում է պատգամավորների կոնսոլիդացիա, ազգային միասնության
անցումային կառավարության ձևավորում»,- նշված է հայտարարության մեջ։
Թեմայի վերաբերյալ զրուցել ենք
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության
պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հետ։
«Ասեմ, որ այս խոսակցությունը
շուրջ երկու տարի է՝ դեգերում է մեր քաղաքական ընդդիմախոսների մոտ։ Խնդիրն այստեղ այլ
տեղ է՝ թե ովքեր են իրականում անում այս գործընթացը, ովքեր են կանգնած այս գործընթացի
ակունքներում, ինչ նպատակով են անում և ինչ օրակարգ ունեն։ Հիշեցնեմ, որ որքան էլ
«Պատիվ ունեմ» ֆրակցիայի անվան տակ փորձում են թաքնվել մեր գործընկերները, խոսքն իրականում
ՀՀԿ-ի մասին է, Սերժ Սարգսյանի և Միշիկի հայտնի քաղաքական ուժի մասին է։ Այստեղ իհարկե
ուրիշ հարց է, թե ինչո՞ւ է մինչև հիմա «Պատիվ ունեմ»-ը մնացել, որովհետև, ինչպես տեսնում
ենք այս նկարում, չորս արական սեռի ներկայացուցիչներ կան, որոնցից ընդամենը մեկն է
ծառայել բանակում։ «Պատիվ ունեմ»-ը սովորաբար օգտագործվում է սպայական անձնակազմի կողմից։
Էս դեպքում, թե իրենք ինչո՞ւ են մինչև հիմա էդ պատվի զոհը դարձել, ես չգիտեմ»,- ասաց
պատգամավորը։
Այնուհետև պատգամավորն ասաց,
որ երկրորդ հետաքրքիր հարցն այն է, որ սա թերևս Հանրապետական կուսակցության հուսահատ
ճիգերն են՝ դեռևս մնալ հանրության ուշադրության կենտրոնում, որովհետև «Պատիվ ունեմ»
խմբակցությունը՝ ի տարբերություն «Հայաստան խմբակցության», որդեգրել է ավելի պասիվ
վարքագիծ ԱԺ-ում։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան