«Ոչ մի հնարավորություն չունեն, իրենք էլ գիտեն, որ չեն հաջողելու։ Անում են, որովհետև չեն ցանկանում քաղաքական դաշտից դուրս գալ, մտածում են, որ որոշակի առաքելություն ունեն իրականացնելու»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց անկախ հետազոտող, քաղաքագետ Էդգար Վարդանյանը՝ անդրադառնալով խորհրդարանական լսումներին՝ վարչապետ Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու օրակարգով։
Մեր զրուցակցի կարծիքով՝ իրենց
առաքելությունն ավելի շատ կապ ունի նեղ միջավայրի, պատկերացումների, շահերի սպասարկման
հետ․ «Իհարկե, սա նաև նախընտրական պայքարի նախապատրաստության վերաբերյալ
քայլ է։ Կարող ենք ասել, որ այդ պայքարը սկսված է։ Իրենք ունեն էլեկտորատ, այս կամ
այն ձևաչափով մասնակցելու են ընտրություններին, շատերը խնդիրներ ունեն իրավապահ մարմինների
հետ, իրենց բիզնեսներն ու ռեսուրսները պահպանելու հետ։ Իրենք նաև մտածում են, որ այն,
ինչ տեղի է ունենում Հայաստանում, սխալ է, ինչ-որ կերպ ցույց են տալիս, որ դեմ են դրան»,- ասաց նա։
Վարդանյանի դիտարկմամբ՝ իրենց վարկանիշը շատ ցածր է, դա են ցույց
տալիս տարատեսակ հարցումները, հանրային տրամադրությունների շոշափումը․ «Իրենք ունեն փոքր էլեկտորատ,
այն դժվար թե սրանից շատ փոքրանա։ Իրենց էլեկտորատն էլ այնպես չէ, որ սպասելիքներ ունի, դրանք չեն արդարանա,
իրենք էլ հիասթափվելու են։ Իրենց աջակիցները շատ լավ գիտեն, որ չկա որևէ շանս, պարզապես
ինֆորմացիոն առիթ է, որն օգտագործում են։ Իրենց ուզածն այն է, որ մնան խաղի մեջ, ինֆորմացիոն
դաշտում»։
Քաղաքագետի խոսքով՝ այն ընդդիմությունը, որն այժմ առաջ է քաշում
սոցիալական օրակարգ, ինչ-որ պահի չի խուսափելու նաև արտաքին քաղաքական քննադատություններից․ «Ծայրահեղ ընդդիմադիր
դիրք ունեցողներին հենց դա է միավորում, դա է, որ Կրեմլին սիգնալ է հաղորդում։ Ասում
են՝ մենք այնպիսի բան ենք անում, որ ձեզ դուր կգա, ու ակնկալում ենք աջակցություն»։
Էդգար Վարդանյանի կարծիքով՝ 2026 թվականին մարդիկ ընտրելու են
պատերազմի կամ խաղաղության միջև: «Այն իրավիճակը, որ այսօր կա Հայաստանում, հուշում է, որ խաղաղության
օրակարգը մարդկանց մեծամասնության կողմից ընդունելի է։ Չկան ցույցեր, մարդիկ բնականոն
կյանքով ապրում են, սոցիալ-մշակութային կյանքն այս պահի դրությամբ շատ հարուստ է, ժամանցային
միջոցառումները բազմաթիվ են։ Սա նույնպես խոսում
է այն մասին, որ մարդկանց համար ստաբիլությունն ու խաղաղությունն ընդունելի են։ Մեծամասնությունը
հաշտ է այս ամենի հետ ու ռեալիստական է նայում, իրավիճակին համահունչ արձագանք ունի։
Շատ բան կախված է նաև նրանից, թե մինչև ընտրություններ ինչ նոր ռեֆորմներ կլինեն, վաշինգտոնյան
համաձայնությունների իմպլեմենտացիան ինչ փուլում կլինի»,- եզրափակեց նա։
Մարիամ Գրիգորյան
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում