Factor TV-ի տեղեկություններով՝ իրավապահները նոր տվյալներ են ստացել Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի վերաբերյալ։
Մեր տեղեկությունների համաձայն՝ ոստիկաններն իրենց տրամադրության տակ տեսագրություն ունեն, որում երևում է, թե ինչպես է սպանությունը կատարած անձը դեպքից հետո վազում դեպքի վայրի հարակից տարածքում։
Իրավապահներն այս պահին որոնում են նրան։ Նշենք, որ սպանության հաջորդ օրը տեսանյութ տարածվեց, որտեղ երևում է՝ դիմակավորված անձը կրակահերթ է բացում Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի ու ևս երկու անձի ուղղությամբ, երբ նրանք բակից դուրս են գալիս փողոց։
Դեպքի վայրից հայտնաբերվել և առգրավվել է 18 կրակված պարկուճ։ Հիշեցնենք, որ այս գործով մեկ ձերբակալված կա։ Նա փետրվարի 5-ին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրն է՝ Նարեկ Օհանյանը։ Քննչական կոմիտեն հայտնել է, որ Օհանյանին պատկանող շինությունում հայտնաբերվել են հանցագործության կատարման պահին օգտագործված դիմակ, ձեռնոցներ, կոշիկներ, բաճկոն և գիշերային տեսանելիության սարք։ Ըստ իրավապահների՝ ձերբակալվածը փորձել է դրանք այրել՝ հետքերը ոչնչացնելու նպատակով։