Տեր Թադեին կփորձեն պատժել, բայց հոգևոր վերադասը արդեն մերկացած է

Թալինի Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ տեր Թադե քահանա Թախմազյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Ես միանում եմ տեր Արամի արդար ձայնին, քանզի այլևս չեմ կարող լուռ մնալ։ Ես տեր Արամի խոսքում տեսնում եմ ճշմարտության ձայն, ոչ թե ապստամբության կոչ։ Դրան ի պատասխան արդար խոսքը պատժվում է, իսկ հայհոյախոս խավարը, քահանայի պատմուճանի տակ՝ ողջունվում»։


Թեմայի վերաբերյալ զրուցել ենք Բուլղարիայի Վառնա քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ տեր Արմեն քահանա Մելքոնյանի հետ։


«Ես շատ ուրախ եմ տեր Թադեի այս հայտարարությունից, ողջունում եմ և նաև խոնարհվում եմ իր առջև, ոնց որ խոնարհվեցի տեր Արամի առջև։ Այլևս ժամանակն է, մեր հոգևորականները պետք է հասկանան, որ չեն կարող խավարը կամ լույսը ծածկել։ Լույսը անպայման մի օր մի տեղից պետք է դուրս գա։ Ես ողջունում եմ, որ տեր Թադեն միացավ, բայց դա դեռ տակավին բավարար չէ։  Ես նախ կոչ եմ անում մեր բոլոր քահանաներին. սիրելի քահանա հայրեր, նայեցեք, եթե մեկը առանձին լինի, կարող է ինչ-որ ձևով իրան վնաս հասցվի, բայց եթե դուք լինեք հինգ քահանա, տասը քահանա, իրենք այլևս ուզեն-չուզեն՝ մի ձևով պիտի ենթարկվեն, և իրենք էլ պիտի ուզենան մի բան ուղղել, բայց լուռ մնալով՝ մենք չենք կարող ոչ մի բան փոխել»,- ասաց տեր Արմենը։

Հարցին, թե ինչ կհաջորդի տեր Թադեի հայտարարությանը` հաշվի առնելով տեր Արամի հայտարարությունից հետո իրավիճակը և այն, որ Արագածոտնի թեմի առաջնորդը Կտրիճ Ներսիսյանի քրոջ որդին է, տեր Արմենն ասաց, որ ոչ մի բան էլ չի հաջորդի, էլի պիտի նեղեն տեր Թադեին, էլի պիտի պատժեն, ասեն՝ մի քանի կիրակի պատարագ չանես, սա չանես, նա չանես։


«Ես մի տեսանյութ արեցի, երբ տեր Արամի նամակը դուրս եկավ, ես Մայր Աթոռին մի խոսք ասեցի. եթե կարգալույծ անեք՝ ամոթ ձեզ, իսկ եթե չանեք՝ հազար ամոթ ձեզ։ Այսինքն՝ ուզում եմ ասել, որ դուք էլ քաջություն չունեք, ձեր մերկությունը տրաքեց, ամեն մարդ արդեն ձեր մերկությունից տեղյակ է՝ ո՞ր մեկը պետք է ծածկեք, ի՞նչ պիտի անեք։ Տեր Արամին պատժելով, տեր Թադեին պատժելով, կարգալույծ անելով՝ հո ձեր մերկությունը չի՞ ծածկվելու։ Էլ վերջացավ, էդ ժամանակը վերջացավ, վախենալու ժամանակը վերջացավ, մենք ապրում ենք 21-ր դարում։ Եվ դա բարեբախտություն է, որ մի խոսք ենք ասում, տասնյակ հազարավոր մարդիկ լսում են, ինչի՞ց եք վախենում, ես չեմ հասկանում»,- հավելեց տեր Արմենը։


Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան