Մոլդովայի օրինակով՝ Հայաստանում էլ պրոռուսական ֆինանսավորմամբ ուժերին պետք է արգելվի մասնակցել ընտրությունների

Քաղաքագետ Հրայր Մանուկյանի կարծիքով՝ Մոլդովայի և Հայաստանի միջև կան և՛ նմանություններ, և՛ տարբերություններ. «Նմանությունների տեսանկյունից՝ ռուսական գործոնի հանգամանքը թե՛ Հայաստանում և թե՛ Մոլդովայում կա։ Ռուսաստանը  այստեղ էլ փորձելու է պրոռուսական ուժերին բերել իշխանության, բայց տարբերություն կա այն իմաստով, որ Հայաստանում, այնուամենայնիվ, պրոռուսական  և պրո-ԵՄ դիսկուրսը չի լինելու ամենակարևորը ընտրությունների ժամանակ»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց նա։


Ըստ Մանուկյանի՝ դա նույնպես կարևոր է, սակայն ածանցված է խաղաղության գործընթացին. «Մեր հիմնական դիսկուրսը լինելու է այն, թե արդյոք Հայաստանը պե՞տք է ընդունի խաղաղությունը ներկայիս հաստատված պայմաններով, որը հետագայում ենթադրում է նոր Սահմանադրության ընդունում, Չորրորդ հանրապետության ֆորմալ ձևակերպում, թե՞ ինչպես որոշ ընդդիմադիրներ են ասում՝ գնան Թրամփի հետ վերաբանակցեն։ Իհարկե պրոռուսական ուժերը լինելու են նրանք, որոնք դեմ են հանդես գալու հաստատված պայմաններով խաղաղությանը»։ 


Թե ինչո՞ւ ՀՀ իշխանությունները ամենաբարձր մակարդակով Մոլդովայի օրինակով չեն խոսում ռուսական գործակալական ցանցի մասին, չեն դիմում կտրուկ մեթոդների ռուսական քարոզչությունը սահմանափակելու համար, Հրայր Մանուկյանը նշեց. «Դրանով քեզ ապահովագրում ես ռուսական բացասական արձագանքներից: Բայց մյուս կողմից էլ՝ դու ռիսկ ես ստեղծում, որ պրոռուսական ուժերն ավելի շատ բան կարող են անել։ Մեր պետական ինստիտուտները պետք է  գնահատեն՝ արդյոք այն չափով, որչափ հիմա են արձագանքում, արդյունավե՞տ է։ Ես կարծում եմ՝ արժի շատ ավելի կոշտ միջոցներ ձեռնարկել պրոռուսական հնարավոր ռիսկերը չեզոքացնելու համար»։


Հրայր Մանուկյանը համարում է, որ մեր իշխանությունները շատ ավելի զուսպ են գործում: «Եթե խոսույթի մասին այդ զսպվածությունը տեղին է, օրենսդրության մակարդակով պետք է լինի հստակ մեխանիզմ, որ Մոլդովայի օրինակով  ռուսական ֆինանսավորմամբ մի քանի ուժերի արգելվի մասնակցել ընտրությունների։ Այո՛, խոսույթի մակարդակում միգուցե չի խանգարում, որ մեր իշխանությունները կոշտ հայտարարություններով հանդես չեն գալիս, բայց օրենսդրական մակարդակով այդ նախաձեռնությունները պետք է լինեն, ու մենք դրան պատրաստ լինենք»,- եզրափակեց նա։


Մարիամ Գրիգորյան

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում