ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի համոզմամբ՝ ԵՄ-ին Հայաստանի ինտեգրման հարցում չպետք է թույլ տալ, որ բյուրոկրատիան գերակայի քաղաքական որոշումների նկատմամբ։
Այս մասին Արարատ Միրզոյանն ասել է «Լիսաբոնից Երևան. ուրվագծելով լայն հարևանության համար Եվրոպայի ռազմավարությունը» խորագրով բարձր մակարդակի քննարկմանը։
«Մենք չպետք է թույլ տանք, որ բյուրոկրատիան գերակայի քաղաքական որոշումների նկատմամբ։ Քաղաքականությունն այն ոլորտն է, այն ճանապարհը, որտեղ մենք՝ մեր ժողովուրդները, մեր երկիրը, պետք է որոշումներ կայացնենք։
Քաղաքական առումով ԵՄ-ն պետք է որոշում կայացնի։ Գիտեք, մենք շարունակելու ենք մեր բարեփոխումները, մենք ամրապնդելու ենք մեր ժողովրդավարական ինստիտուտները, մենք բարձրացնելու ենք մեր ապրանքների որակական չափանիշները, որպեսզի ինտեգրումը հնարավոր դառնա։ Վերջիվերջո, որոշումը պետք է լինի քաղաքական։ Եթե դուք՝ որպես ԵՄ, ընդունեք մեզ, ապա բոլորս կշահենք։ Եթե մերժեք մեզ, այնուամենայնիվ, մենք կունենանք բարեփոխված քաղաքական հաստատություններ, և դրանից նույնպես կշահենք։
Այսպիսով, այո, մենք պետք է լինենք ավելի համարձակ, ավելի քաղաքական և ավելի քիչ բյուրոկրատական»,- նշել է Միրզոյանը։