ԱԳ նախարարն ու ԱԺ պատգամավորը դիմել են դատարան ընդդեմ Հայկ Դեմոյանի, պահանջում են հերքել զրպարտությունն ու փոխհատուցում վճարել

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն ու ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը քաղաքացիական հայցեր են ներկայացրել ընդդեմ ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի։ Այս մասին civic.am-ը տեղեկացավ «Դատալեքս» հարթակից։


Հայցվորները խնդրում են դատարանին պարտավորեցնել Հայկ Անուշավանի Դեմոյանին հրապարակայնորեն հերքել Armlur TV յութուբյան ալիքում հրապարակված՝ «Թանգարանից գողացված գրքերի գործով ԱԳ նախարարից և պատգամավորից բացի կա ևս մեկը. ով է նա» վերտառությամբ տեսանյութում արված հետևյալ հայտարարությունը․ «Այդ ժամանակ կազմակերպված հանցագործության բաժնի աշխատակիցները մի քանի անգամ հարցաքննության էին տարել նաև թանգարանի ասպիրանտներին։ Ինչու, որովհետև եղավ մեկ հեռախոսազանգ։ Զանգահարեց ինձ նախկին տնօրեն Լավրենտի Բարսեղյանը և այսպես վրդովված տոնով ասեց՝ ինչու եմ ես քրեական գործ հարուցել էդ գրքերի համար, էդ գրքերը գողացել են, ես անակնկալի եկա, ասեցի՝ պարոն Բարսեղյան, բա որ գողացել են, ինչո՞ւ քրեական գործ չեք հարուցել… ասեց, որ չենք ուզում աղմուկ լիներ, և ինքը պարզ տեքստով ասեց, որ գողացել են ասպիրանտները… Այդ ժամանակ թանգարանում մի քանի հոգի են եղել ասպիրանտներ, երկուսին ես հետագայում կիմանամ, թե նրանք ովքեր են: Այդ պահին ես չէի ճանաչում ոչ Վլադիմիր Վարդանյանին, ով այս պահին Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է, և նախկին Ազգային ժողովի նախագահ և ներկա պահին արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Հիմա եկեք էսպիսի մի դրվագ պատկերացնենք էլի, երկուսին տանում են․ ես չեմ ճանաչում իրենց, բայց ես ստիպված քրեական գործ եմ հարուցել, հարցաքննում են, իմ ունեցած կցկտուր փաստացի տվյալներից մեկը այն է, որ Արարատ Միրզոյանը փորձել է թանգարանի աշխատակցուհիներից մեկի վրա բարդել գողության մեղքը»։  Տեսանյութի՝ տասնյոթն անց երեսուն վեց րոպեին Դեմոյանը նշում է․ «Երկու բախտորոշ փաստաթուղթ է հրապարակվելու, աշխատում են էդ ուղղությամբ, դուք էս փուլում, էս պատմական փուլում բախտորոշ, եթե չեք պարզում, չեք ուզում մաքրվել և հասկանալ էս երկու անձը, ովքեր միգուցե և կասկածվում են հանցագործություններ կատարելու մեջ, դուք թույլ եք տալիս Ձեր և Ձեր երեխաների ապագան որոշեն մարդիկ, ովքեր գոնե էս փուլում կասկածվում են։ Ուրեմն երկու հազար յոթի հարուցված քրեական գործի ցուցմունքները կան որպես կարևոր փաստաթուղթ, որ առնչվում է Հայաստանի անվտանգության հետ, սա նաև դիմում է Ազգային անվտանգության ծառայությանը, հրապարակեք Արարատ Միրզոյանի և Վլադիմիր Վարդանյանի հարցաքննության տեքստերը։ Սա հրապարակման համար պարտադիր է»:


Այս հայտարարությունը նույնպես հայցվորները պահանջում են հերքել, ինչպես նաև հօգուտ իրենց բռնագանձել 3-ական միլիոն դրամ՝ որպես զրպարտություն համարվող փաստացի տվյալների հետևանքով պատճառված վնասի փոխհատուցում։ Դատական ծախսերին անդրադառնալիս էլ անդրադառնալ հայցվորների կողմից նախապես վճարված 200-հազարական  ՀՀ դրամ պետական տուրքի գումարին: