ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 78 կգ դեղորայքի ներմուծման փորձը

ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունը շարունակում է պայքարը ՀՀ պետական սահմանով ապրանքների տեղափոխման անօրինական դեպքերի բացահայտման և կանխման ուղղությամբ։


Օրերս պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության «Բագրատաշեն» սահմանային անցման կետ ժամանած քաղաքացու տրանսպորտային միջոցի տեսազննման ժամանակ մեքենայի հետնամասում  նկատվել  է հատուկ պատրաստված և հարմարեցված ինքնաշեն թաքստոց։  Տրանսպորտային միջոցն ուղեկցվել է խոր զննման անգար։


Մաքսային սպասարկման և հսկողության 2-րդ բաժնի մաքսային ծառայողների կողմից իրականացված խորը զննության արդյունքում տրանսպորտային միջոցի հատուկ պատրաստված և հարմարեցված թաքստոցից  հայտնաբերվել են 78 կգ քաշով դեղորայք և դեղորայքի դատարկ տուփեր:  Այսպես, քաղաքացին փորձել է ապօրինի բեռը ներմուծել Հայաստանի Հանրապետություն՝ շրջանցելով մաքսային հսկողությունը և խուսափելով առաջացող պարտավորություններից։ Հայտնաբերված դեղորայքի շուկայական արժեքը գերազանցում է 15 միլիոն դրամը:


Դեպքի առնչությամբ, «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 313-րդ հոդվածի հատկանիշներով կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ վարույթ, որն ուղարկվել է ՊԵԿ  իրավաբանական վարչություն: