Սամվել Կարապետյանը ճիշտ կաներ՝ կուսակցության անունը դներ «ռուսամետ»․ Նա հասկացել է, որ խայտառակվելու է

«Փորձը ցույց է տվել, որ մեր ընդդիմադիր գործընկերները ինչ նախաձեռնում են, դեռ չսկսած՝ իրենք իրենց խայտառակում են ու ոչնչացնում, հայտնվում ծիծաղելի իրավիճակում»։  Այս մասին civic.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը՝ անդրադառնալով նախորդ ուրբաթ օրը ԱԺ ՊՈՒ խմբակցության կողմից հրավիրված՝ վարչապետին անվստահություն հայտնելու օրակարգով լսումներին։   «Լսումներին մասնակցածները նրանք էին, որոնք մաղձ ունեին իրենց ներսում կուտակված և տեսախցիկ էին փնտրում՝ լիցքաթափվեու համար։ Իսկ ինչ մնում է հաջողել-չհաջողելուն, մենք բոլորս՝  ՀՀ քաղաքացին շատ լավ գիտի, որ իմպիչմենթի գործընթացը բացառվում է, որ հասնի հաջողության և իրենց նշած վերջնակետին մի պարզ պատճառով՝ որովհետև՝  նախ չունեն և չեն կարող ունենալ բավարար թվով ստորագրություններ և բացի այդ, պետք է նաև հանրային աջակցություն այդ գործընթացին, որը նույնպես չկա։ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ընտրված, սիրված վարչապետ է և շարունակում է մնալ այդպիսին»։ Էմմա Պալյանն իր «ոչ հարգելի գործընկերներին» առաջարկեց իրենց ջանքերն ու էներգիան խնայել և պատրաստվել 2026 թվականի համապետական ընտրություններին, սակայն վատատեսություն հայտնեց՝ այդ ընտրություններում նույնպես նրանց պարտությունն անխուսափելի է։   

 

Անդրադառնալով որոշ ընդդիմադիր գործիչների պնդումներին, թե՝ ՔՊ-ում կա առնվազն 7 պատգամավոր, որոնք հարկ եղած դեպքում կմիանան իմպիչմենթի նախաձեռնությանը՝ մեր զրուցակիցը նկատեց․ «Նման պնդումները ծիծաղ են առաջացնում։ Նույնիսկ չեմ էլ ուզում արձագանքել, լուրջ քաղաքական պատասխան տալ, քանի որ սա աբսուրդի ժանրից է։ «Յոթ»  թիվը երևի իրենց սիրած թիվն է, ի դեպ, նաև՝ իմ։ Սա հերթական անլուրջ խոսակցությունն է՝ ընդդիմության կողմից դաշտ նետված, որին, համոզված եմ, քաղաքացին բացարձակապես ուշադրություն չի դարձնում։ Ասեմ ավելին՝ մեր թիմը ամուր կանգնած է վարչապետի կողքին, և էդպես է լինելու միշտ»։

 

Ըստ Պալյանի՝ խորհրդարանական գալիք ընտրություններին  ընդդիմությունը փորձելու է կիրառել Գյումիի ՏԻՄ ընտրությունների ելքի սցենարը։ «Բայց մի բան չեն գիտակցում՝ չեն ուզում հավատալ Հայաստանի ժողովրդի՝ իմաստուն լինելու աստիճանին։ Գյումրիի հետընտրական զարգացումները պետք է հուշեն ՀՀ քաղաքացիներին, թե ինչպիսի ընտրություն չպետք է կատարի։ Մենք տեսանք, որ չընտրված անձին կարգեցին քաղաքապետ։ Որքան էլ ընդդիմությունը բաղձա Գյումրիի կրկնությունը, մեկ է՝ չի հաջողելու, իրենք խորը հիասթափություն են ապրելու։ Սա հուշում է, որ իրենք գիտակցում են, որ միանձնյա իշխանության գալ չեն կարող, բացառված է»։

 

Անդրադառնալով ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանի թիմի անդամ Ալեքսան Ալեքսանյանի կոմից հիմնադրվելիք՝ «Հայամետ» կուսակցությանը և մեր այն հարցին՝ ինչո՞ւ է Կարապետյանը խուսափում սեփական դեմքով հանդես գալ որպես կուսակցության առաջնորդ՝ Պալյանը նշեց․ «Կառաջարկեի կուսակցության անունը դնել ոչ թե «Հայամետ», այլ՝ «Ռուսամետ»։ Սա ուղղակի խորհուրդ, քանի որ այս անվանումն ավելի շատ է արտահայտում ու խոսում իրենց կերպարի մասին, իսկ թե ինչու Սամվել Կարապետյանը խուսափում  իր դեմքով ի հայտ գալ, ապա կա շատ պարզ, պրիմիտիվ պատճառ՝ կամ ինքն է գիտակցում, կամ էլ իր կողքի մարդիկ են գիտակցում ու իրեն փոխանցել, որ «խայտառակվելու ես, գոնե դու մի երևա քաղաքացիների աչքերին»։ Բայց սրանից էությունը չի փոխվում։ Ի դեպ, սա ընդդիմության ծանոթ ձեռագիրն է՝ որտեղ իրենք խայտառակված են, փորձում են չակերտավոր մաքուր կերպար գտնել և այդ կերպարի դեմքով հանդես գալ ժողովրդի առաջ։ Նրանք ոչ միայն ժողվորդին համարում են «խորը անասուններ» և «էշեր», այլև կուրորեն հավատում են էդ մտքին»։

Էմմա Պալյանի հետ զրուցել ենք նաև Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանի՝ Միութենական պետություն մտնելու մասին սկանդալային հայտարարության, Գյումրիի օրվա և այլ թեմաների մասին։  


Մանրամասները՝ տեսանյութում։

Հեղինե Մանուկյան