Սպիտակի ոստիկանները բացահայտել են բնակարանային գողություններ
Սեպտեմբերի 19-ին Սպիտակի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տվյալ, որ երկու երիտասարդ «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենայով Լոռու մարզի Ջրաշեն գյուղում են, և մեքենայում կա գողացած ապրանք:

Արդեն կեսգիշերին, հետագա միջոցառումների արդյունքում, Ջրաշեն գյուղում Սպիտակի ոստիկանները ձերբակալում և, մեքենայով հանդերձ, ոստիկանության Սպիտակի բաժին են տեղափոխում Շիրակամուտ գյուղի՝ 33-ամյա և Գեղասար գյուղի՝ 30-ամյա երկու բնակչի: Մեքենայի սրահի հետնամասում կային ջեռուցման մարտկոցներ, որոնց վերաբերյալ տղամարդիկ ոչինչ չեն հայտնել: Պարզվել է, որ նրանք մարտկոցները գողացել են Ուզբեկական թաղամասի մի տնից:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սպիտակի քննչական բաժին:

Հետագա միջոցառումներով ստացվել է տեղեկություն, որ տղամարդիկ նախկինում էլ կատարել են բնակարանային գողություն և գողոնը թաքցրել 30-ամյա գեղասարցու ավտոտնակում: Պարզվել է, որ նույն՝ Ուզբեկական թաղամասում սեպտեմբերի 10-ից 12-ն ընկած ժամանակահավածում նրանք տան պատուհանը լինգով բացել ու գողացել են միջսենյակային չորս դուռ:

Սեպտեմբերի 21-ին կատարված խուզարկություններով գողացված դռները հայտնաբերվել են 30-ամյա գեղասարցու տանը, իսկ 33-ամյա տղամարդու Շիրակամուտ գյուղի տանը հայտնաբերվել է հեռուստացույց, որը նրանք գողացել էին մարտկոցների հետ:

Հանգամանքները պարզվում են: