«Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ,
քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ Գյումրու քաղաքապետի հայտարարությունները քաղաքականության
սահմաններից դուրս են: «Ես կդժվարանամ դրանք մեկնաբանել՝ հարցը պահելով քաղաքականության
տիրույթում։ Համենայնդեպս այս ամենը մեզ հուշում է, որ այս մարդը ձգտում է, որ Հայաստանը
վերտիկալ հարաբերություններ ունենա Ռուսաստանի հետ, ինչը հակասում է ՀՀ օրենսդրությանը։
Այս ամենն անպատիժ թողնելը պետության բացթողումն է։ Կա Քրեական օրենսգիրք, և դատախազությունը
պետք է այս հայտարարությունների հետևից գնա»,- Civic.am-ի տաղավարում
հայտարարեց նա՝ միաժամանակ հիշեցնելով, որ արքեպիսկոպոսը, որը ռազմական հեղաշրջման
կոչ էր անում, ազատազրկված է, իսկ Վարդան Ղուկասյանը շարունակում է պետության ինքնիշխանությանը
վնասող հայտարարություններ անել։
Մեհրաբյանը շարունակեց. «Պետությունն անշուն
գեղ չի, որ անփետ ման գան։ Բովանդակային որևէ բան չեմ կարող ասել։ Եթե պետք է ասեմ՝
ուրեմն պետք է չասեմ. սա այդ դեպքն է»:
Քաղաքագետի դիտարկմամբ՝ Մոլդովայում եվրոպամետ կուսակցությունը
կարողացավ հաղթանակ տանել, որովհետև պետությունն ադեկվատ գնահատեց սպառնալիքների բնույթը,
համարժեք քայլեր կատարեց դրանց դիմադրելու համար․ «Դուք որոշել եք շախմատ
խաղալ, ֆիգուրները շարում եք, իսկ ձեր դիմաց նստում է մեկը ու համարում, որ դա շախմատ
չէ, մարտ է առանց կանոնների, ու ձեզ սկսում է քացով խփել։ Դուք պետք է պատրաստ լինեք,
որ շախմատի տախտակը ջարդեք գլխին, որովհետև ժողովրդավարությունը պետք է լինի բռունցքներով,
որն իջնելու է բոլոր նրանց գլխին, որոնք դեմ
են պետությանը, ներքին անվտանգությանը ու քայլեր են անում դրա դեմ»։
Մեհրաբյանն ընդգծեց՝ տեղի է ունենալու բոլոր հիբրիդային գործիքների
մոբիլիզացիա, և Ռուսաստանն այստեղ գործելու է վա-բանկի տրամաբանությամբ: «Հիմքեր ունեմ պնդելու,
որ Ռուսաստանի խաղադրույքները Հայաստանում շատ ավելի բարձր են, քան Մոլդովայում։ Ինչ-ինչ
հանգամանքների բերումով Մոլդովան ռուսական շոշափուկների համար դարձավ մեկուսացված մի
վայր՝ թեկուզ աշխարհագրորեն, մինչդեռ Հայաստանն առայժմ հասանելի է նրանց համար։ Իշխանությունն
այսօր չի անում այդ հասանելիությունը կրճատելուն ուղղված հետևողական քայլեր։ Այստեղ
առանց վիզայի ելումուտ է, «Միր» քարտերը նորից մտցնում են շրջանառության մեջ, տուրիզմ են զարգացնում,
մեզ ֆաշիստ տուրիստ պե՞տք է»,- եզրափակեց նա։
Մարիամ Գրիգորյան
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում